Ինչ է անում հայկական իշխանությունը վերահաս աղետի պայմաններում. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Այն ժամանակ, երբ մենք քննարկում ենք թշնամու դրոշի այրումը (ինչին անձամբ ես՝ լիովին համաձայն եմ), թշնամին շարունակում է Արցախի և Հայաստանի ուղղությամբ իրական սպառնալիքներ գեներացնելուն ուղղված իր գործողությունները։ Օրինակ՝ բաց տիրույթում պտտվում են տեսանյութեր, որտեղ ցուցադրվում է Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից ռազմական ենթակառուցվածքների ակտիվ կառուցումը։ Օրինակ, պնդում են, որ Տեղ գյուղի մերձակայքում օկուպանտների կազմավորումներն արդեն կառուցել են ավելի քան տասը ամրաշինական կառույցներ։

Ընդ որում, հավաստի տեղեկություններ կան, որ թշնամին ամրանում է օկուպացված հայկական տարածքների ողջ երկայնքով՝ Գեղարքունիքից մինչև Տավուշ, Վայոց Ձորից մինչև Սյունիք։ Դրանք, ըստ էության, ոչ թե ստացիոնար հենակետեր են, այլ առաջնագծային ենթակառուցվածքներ՝ դեպի Հայաստանի խորքը հարված նախապատրաստելու համար։

Հասկանալի է, որ այս իշխանությունը տեղյակ է այդ մասին, և հենց դրանով է պայմանավորված իշխանությունների «հանկարծակի հայտնաբերումը», թե տեսնո՞ւմ եք՝ Ադրբեջանը պատրաստվում է հարվածի Հայաստանի ուղղությամբ։
Բայց այստեղ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում. իսկ ի՞նչ է անում հայկական իշխանությունը վերահաս աղետի պայմաններում։ Հայտարարո՞ւմ է մոբիլիզացիա` ոչ: Շտապ առաքմամբ զենք է գնո՞ւմ` ոչ:
Վարո՞ւմ է տեղեկատվական քաղաքականություն՝ ուղղված բնակչությանը նոր էսկալացիային նախապատրաստելուն. Ոչ: Ընդհակառակը` «դասալիքների», «հինգերորդ շարասյան», «դավաճանների», «ռեսուրսների բացակայության» մասին իր հայտարարություններով կոտրում է մարդկանց մեջ ագրեսորին դիմադրելու կամքը։

Շտապ կա՞պ է հաստատում դաշնակիցների հետ՝ հարձակումը համատեղ ուժերով հետ մղելու համար. Ոչ: Այստեղ էլ է հակառակն անում՝ ակտիվորեն ոչնչացնում է դաշնակիցների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի և Իրանի հետ փոխգործակցության բոլոր մշակված կապերն ու սկզբունքները։

Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ ներկա իշխանությունները իսպառ չեն համապատասխանում ստեղծված իրավիճակին։ Եվ որ ամենակարևորն է ՝ իշխանությունն արդեն ակնհայտ նախապատրաստել-գտել է ենթադրյալ ձախողումների մեղավորներին։ Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը ամեն ինչ իր տեղը կդնի»:

Տեսանյութեր

Լրահոս