Բաժիններ՝

Կամավորությունը կհամարվի աշխատանքային փորձառություն. ոլորտում սպասվում են բարեփոխումներ

Հայաստանում որևէ ժամանակահատվածում կամավորների պակաս չի նկատվել, սակայն օրենսդրական բացի պատճառով բարի կամք դրսևորած քաղաքացիների աշխատանքը, որոշ առումներով, աննկատ է անցել: Հենց այդ բացը լրացնելու համար էլ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին, որի ընդունումից հետո կամավորների հետ կկնքվի պայմանագիր, և նրանց կատարած աշխատանքն աշխատանքային պատմության մեջ կամրագրվի որպես աշխատանքային փորձառության ձեռքբերում:

«Նման օրենք ընդունելու փորձ արվել է դեռևս 2006-ին, 2010-ին, 2015-ին, 2017-ին, բայց վերջնարդյունքի չէինք հասել, չունեինք իրավական ակտ, որը կլուծի կամավորական շարժումների, կամավորական կառույցների խնդիրները: Յուրաքանչյուր անձ, որը գտնվում է աշխատավայր կոչվող պայմանական վայրում, պարտադիր պետք է ունենա պայմանագիր: Այս օրենքի հիմնական նպատակներից է օժանդակել ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորելուն, սոցիալական պատասխանատվության դերի բարձրացմանը»,-նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Փոխնախարարն, անդրադառնալով Հայաստանում կամավորների թվին, հիշեցրեց Covid-19-ի և 44-օրյա պատերազմի ու հետպատերազմյան ժամանակահատվածում կամավորական գործունեություն իրականացնող հասարակության ակտիվությունը: Մեկտեղ ընդգծեց՝ այս օրենքը չի տարածվում հայրենիքի պաշտպանության համար ստեղծված կամավորական կառույցների վրա:

«Իհարկե, կամավորը ոչ թե սեփական շահի կամ եկամուտ ստանալու նպատակով է անում, այլ՝ հանրային օգուտ ցուցաբերելու: Բայց նրա իրավունքներն էլ պետք է պաշտպանված լինեն: Ընդհանուր առմամբ՝ օրենքում ամրագրված են 14 հիմնական ուղղություններ, որոնց նպատակն է աշխատաշուկա մտնելը հեշտացնելը, ոչ ֆորմալ կրթության, որոշակի կամավորական աշխատանքների հիման վրա փորձ ձեռք բերելը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական պաշտպանության պարագայում կամավորներ ներգրավելը, նրանց միջոցով մարդասիրական գաղափարների սկզբունքները տարածելը, պետական, համայնքային միջոցառումների կազմակերպմանը ներգրավվելը»,- նկատեց Ռուբեն Սարգսյանը:

Օրենքի նախագծով՝ կամավորներ ներգրավելու իրավունք կունենա պետությունը, շահույթ չհետապնդող կազմակերպությունները (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, միություններ): Շահույթ հետապնդող կազմակերպություններից էլ կամավորներ կարող են ներգրավել այն կազմակերպությունները, որոնց 100 տոկոսանոց սեփականատերը պետությունն է:

«Կամավորներ ներգրավելու պարտադիր պահանջներից է պայմանագրի կնքումը, որտեղ կնշվի, թե ինչ նպատակով ու ինչ ժամկետով են ներգրավում կամավորին: Կհստակեցվեն փոխադարձ պարտավորություններն ու երաշխիքները: Պետության համար սա նաև մեխանիզմ է այս կամ այն գաղափարի շուրջ ներգրավել բազմաթիվ կամավորների»,-հստակեցրեց բանախոսը:

Օրենքը սահմանում է, որ կամավորի ճանապարհածախսը, գիշերակացը, օրապահիկն ու տվյալ աշխատանքի հետ կապված բոլոր ծախսերը պետք է փոխհատուցվեն: Մինչ այս, կամավորական կառույցը, որը ներգրավում էր կամավոր, չէր տալիս երաշխիք, որ տվյալ կամավորը կամ կամավորները կփոխհատուցվեն:

«Իրականում, սա դեռ առաջին փուլն է, կարծում ենք՝ 6-7 ամիս հետո, երբ օրենքը սկսի կիրառվել, կարող է այն բարելավելու, առավել զարգացնելու անհրաժեշտություն առաջանալ»,- ընդգծեց նա:

Կամավոր աշխատանքով կարող է զբաղվել 16 տարին լրացած քաղաքացին: Եթե մինչև 14 տարեկանը լրացած քաղաքացին է ուզում կամավոր լինել, ապա իր ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ պետք է լինի, պայմանագրի մեջ ամրապնդվի: Տարիքային վերին շեմ չի նշվում, փոխնախարարն ընդգծում է՝ կամավորական կազմակերպությունը յուրաքանչյուր մարդու համար պարտավոր է գտնել իր ուժերին ու իր ֆիզիկական հնարավորություններին համապատասխան աշխատանք ու պայմաններ ստեղծի աշխատելու համար: Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է տարիքային սահմանափակումը հանել նաև աշխատանքային օրենսգրքից:

Հատկանշական է, որ մասնագիտական հմտությունների պահանջող աշխատանքներում կամավորագրվող քաղաքացին պարտադիր պետք է ունենա տվյալ ոլորտում կրթության մասին որևէ փաստաթուղթ: Օրենքի այս կարգավորումն էլ հնարավորություն է տալիս ուսանողին սովորելու ընթացքում փորձ ձեռք բերել:

Նախարարությունն արդեն իսկ ունի նախնական մշակած էլեկտրոնային հարթակներ, որոնք հնարավորություն կտան և կամավորին, և կամավորական կազմակերպություններին գտնելու միմյանց: Այդ հարթակը ևս կնպաստի կամավորական շարժման զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս