«Եթե նույնիսկ թշնամին չկրակի, գյուղատնտեսական աշխատանքներ չենք կարողանում իրականացնել, հողերի 70-75 տոկոսն իրենց ձեռքում է». Շոշի գյուղապետ
ՌԴ ՊՆ տարածած տեղեկագրի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուս խաղապահներն ապրիլի 12-ին Ասկերանի շրջանում արձանագրել են հրադադարի խախտում։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի Շոշ գյուղի ղեկավար Էրիկ Աբրահամյանն ասաց, որ թշնամու կրակոցներն իրենց ուղղություններն ու բնույթը պատերազմից հետո չեն փոխել, կա՛մ դաշտում աշխատող խաղաղ բնակիչներին է կրակում, կա՛մ հայկական դիրքերին։
«Նույնիսկ, եթե թշնամին չկրակի, մենք մեր գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ չենք կարողանում իրականացնել, որովհետև մեր հողերի 70-75 տոկոսն իրենց ձեռքում է։
Բնակիչներն իրենց ամենօրյա օգտագործման համար բանջարեղեն իրենց բակի փոքր հողում են աճեցնում»,- նշեց Էրիկ Աբրահամյանը։
Ըստ գյուղապետի, բնակիչները գյուղատնտեսական մթերքներն առնում են։
«Բացի կանաչեղենից, ամեն ինչ բերովի է։ Սա է՝ գյուղատնտեսական նշանակության հողերը, սկսած վարելահողից մինչև արոտվայր ու խոտհարք, 44-օրյա պատերազմից հետո մնացել են թշնամու հսկողության տակ, բնակիչն ի՞նչ մշակի։
Ադրբեջանի ամեն գազն անջատելու հետ, գյուղի գազամատակարարումը դադարում է, դժվար է, ինչպես ամբողջ Արցախի, այնպես էլ Շոշի համար, բայց արցախցին պայքարում է, կանգնած է»,- հավելեց Էրիկ Աբրահամյանը։
Ըստ նրան, թշնամին փոխվողը չէ, ինչպես եղել է նախկինում, այնպես էլ այսօր է։