«Իրականությանը չի համապատասխանում, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել». Շոշի գյուղապետ

Հուլիսի 20-ին ադրբեջանական կողմը տեսանյութեր տարածեց, թե արցախցիներին,  այսպես ասած՝ «պատժելու գործընթացը» շարունակվում է, և այդ համատեքստում հրապարակված տեսանյութով ցույց էին տալիս, որ կրակել են Ասկերանի շրջանի Շոշ գյուղի ուղղությամբ։

168.amի հետ զրույցում Շոշ գյուղի ղեկավար Էրիկ Աբրահամյանը հերքեց  ադրբեջանցիների տարածած տեղեկությունը:

«Այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Նման բան չի եղել»,- ասաց Էրիկ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ քարոզչական նպատակով թշնամին օգտագործում է հնարավոր և անհնարին գրեթե բոլոր միջոցները՝ արցախցիներին ցույց տալու, որ ցանկացած պահի կարող է նրանց ուղղությամբ կրակել և զրկել կյանքից։ Նույն նպատակով գարնան սկզբին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները բարձրախոսներով Արցախի տարբեր գյուղերում հայտարարում էին և կոչ անում բնակիչներին լքել իրենց գյուղերը, հակառակ դեպքում նրանց կսպանեն։

Ի դեպ, Շոշն Արցախի այն գյուղերից է, որը չնայած մեծ վնասներ էր կրել 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն պատերազմից հետո կարողացավ արագ վերադառնալ կյանքի բնականոն հուն, վերանորոգել ավերված տները և շարունակել ապրել, ավելին՝ գյուղը կարողացավ իր հարկի տակ ընդունել թշնամու կողմից օկուպացված տարածքներից  տեղահանված մի խումբ արցախցիների։

Տեսանյութեր

Լրահոս