Դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստը. ՈՒՂԻՂ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Նախորդ դատական նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը:
Այսօրվա դատական նիստին վկաների հարցաքննությունը շարունակվեց: Հարցաքննվում էր «ԿամՕյլ» ընկերության սեփականատոր Կամո Մելքոնյանը, ով նույնպես ներկայացրեց դիզվառելիքի տենդերի հետ կապված իր ունեցած տեղեկությունները:
Վկան ասաց՝ ինքը Պարսկաստանից վառելիք է ներկրել, մտերիմ հարաբերությունների մեջ է եղել «Մաքսհուր» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանի հետ, մասնակցել են տենդերին: Իրեն Խաչիկ Մանուկյանն ասել է, որ իրենք են շահել դիզվառելիքի մատակարարման տենդերը:
Այնուհետև նրան հարցեր ուղղեց դատախազ Արսեն Մարտիրոսյանը:
Վկայի ուղիղ երկու ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց: Դատարանն ավարտված համարեց բոլոր վկաների հարցաքննությունը:
Այսօրվա դատական նիստին սկսվում է ամբաստանյալների հարցաքննությունը: Նախ Վահե Միսակյանը կարդաց գյուղնախարար Սերգո կարապետյանի ցուցմունքները, ապա Սևան Քոչարյան-Սերգո Կարապետյան առերեսման սղագրությունը:
Ըստ Սերգո Կարապետյանի ցուցմունքների՝ վերջինս կտրականապես հերքել է գործընթացին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, ապա որոշ ժամանակ անց փոխել է ցուցմունքը, ասել, որ Նախագահն իրեն ցուցում է տվել, որ մրցույթում պետք է շահի «Ֆլեշ» ՍՊԸ-ն:
Ուշագրավ էր, որ երբ առերես հարցաքննության ժամանակ Սերգո Կարապետյանն ասել է, որ կատարել է Սերժ Սարգսյանի հանձնարարությունը, 3-րդ նախագահը արձագանքել է՝ եթե հանձնարարեի դիզվառեիքը Զանգուն թափել, թափելո՞ւ էիր…
Հաջորդիվ դատավոր Միսակյանն ընթերցեց մեղադրյալ Սամվել Գալստյանի ցուցմունքները:
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Մանրամասները՝ տեսանյութում: