«Դիզելի գործով» մեղադրող դատախազը չէր հասկանում՝ ո՞նց կարող է մարդը չհիշել 4 տարի առաջ տված իր նախաքննական ցուցմունքները 2013թ. տեղի ունեցածի մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Նախորդ դատական նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը: Առաջինը հարցաքննվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Յաշա Խաչատրյանը:

Վերջինս ներկայացրեց դիզվառելիքի մատակարարման պայմանագրի կնքման ընթացակարգը: Նա նշեց՝ դիզվառելիքի ներկրման այնպիսի բարձր որակական չափանիշներ կային, որ տենդերը չստացած ընկերությունը վստահաբար ուրախացել է, որ այն իրեն չի հասել, որովհետև չէին կարողանալու ապահովել այդ պարամետրերով վառելիքի ներկրումը:

Կարդացեք նաև

«Պարսկաստանից հնարավոր չէր ներկրել այնպիսի դիզվառելիք, որը դիմանար, չսառչեր ցրտին: Այս պայմաններում այդ ներկրումը կարող էր կատարել միայն «Ֆլեշ» ՍՊԸ-ն»,- ասաց վկան:

Այնուհետև Յաշա Խաչատրյանը պատասխանեց դատախազ Արսեն Մարտիրոսյանի հարցերին, ասաց, որ տենդերին մասնակցելու առաջարկը ստացել է Գյուղնախարարությունից, ուղարկել են գնային առաջարկ՝ 457 դրամ, հետո 2 դրամ գինն իջեցրել են, կապը պահել է գյուղնախարար Սերգո Կարապետյանի տեղակալի հետ:

Վկան անդրադարձավ նաև Սևան Քոչարյանին ուղղված իր զանգի բովանդակությանը:

«Ես որ տեսա՝ Սևանը մասնակցում ա, վաբշե գժվա… Զանգեցի, ասեցի՝ այ տղա, էս դու ինձ պարտք ես, իմ պարտքերը չես կարողանում փակես, էս ծրագրի մեջ ե՞ս մտել: Ես 100 տոկոսով գիտեի, որ Սևանը չէր կարող բերել էդ վառելիքը, դրա համար եմ նրան զանգել»,- ասաց Յաշա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Սևան Քոչարյանի ներկայացրած գնային առաջարկը՝ 420 դրամ պարսկական վառելիքի համար, չափազանց բարձր էր. Պարսկաստանից բերված վառելիքն առավելագույնը 390 դրամ արժեր մեկ լիտրի համար:

Այսօրվա դատական նիստին վկաների հարցաքննությունը շարունակվեց: Հարցաքննվում էր «ԿամՕյլ» ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանը, ով նույնպես ներկայացրեց դիզվառելիքի տենդերի հետ կապված իր ունեցած տեղեկությունները:

Վկան ասաց՝ ինքը Պարսկաստանից վառելիք է ներկրել, մտերիմ հարաբերությունների մեջ է եղել «Մաքսհուր» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանի հետ, մասնակցել են տենդերին: Իրեն Խաչիկ Մանուկյանն ասել է, որ իրենք են շահել դիզվառելիքի մատակարարման տենդերը:

«Ես Խաչիկ Մանուկյանին այդ ժամանակ ասել եմ, որ իմ ներկրած վառելիքը նոր օրենքի պահանջներին չի համապատասխանում ծծումբի պարունակության պարամետրերով… Հետո, կարծեմ, Խաչիկ Մանուկյանը գյուղնախարարի հետ էր հանդիպել, ինչից հետո ասաց, որ տենդերը մենք չենք տարել, այլ «Ֆլեշը»»,- ասաց վկա Կամո Մելքոնյանը:

Այնուհետև նրան հարցեր ուղղեց դատախազ Արսեն Մարտիրոսյանը:

«Պարսկաստանից մաքսիմում իմ վարձակալած մեքենաներով ամսական մոտ 1000-1500 տոննա վառելիք եմ բերել: Բերել եմ՝ ինչպես ինձ, այնպես էլ՝ «Մաքսհուրի» համար»,- ասաց վկան:

Կամո Մելքոնյանի խոսքով՝ ինքը միայն «Մաքսհուրի» Խաչիկ Մանուկյանի հետ է կապ ունեցել, նրա խնդրանքով էլ վառելիք է բերել՝ բնականաբար, նաև իր համար շահույթ հետապնդելու նպատակով:

Վկան որոշակի հարցերի պատասխանները չուներ, ասաց՝ շատ տարիներ են անցել, չի հիշում: Դատախազն առարկեց՝ բայց Դուք մանրամասն ցուցմունքներ եք տվել: Վկան արձագանքեց՝ քննիչի հարցերին եմ պատասխանել:

Դատախազ Մարտիրոսյանը նկատեց՝ միգուցե ինչ-որ մեկի հետ պայմանավորվե՞լ է վկան, որ դատարանում ցուցմունքներ չի տալու ամբողջական, ինչին Կամո Մելքոնյանը պատասխանեց՝ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն չունեմ:

«Բա 2019թ. ո՞նց էիք հիշում»,- առարկեց դատախազը:

Դատախազն ակնհայտորեն զայրացած էր, չէր հասկանում՝ ինչպես կարող է 4 տարի հետո իր ասածները չհիշել վկան:

«Ես այն ժամանակ էլ չեմ հիշել, հաշվապահիս եմ խնդրել փաստաթղթերը բերել, որ որոշակի բաներ հիշեմ»,- ասաց վկան:

Դատավոր Վահե Միսակյանը նույնպես հարցրեց՝ կա՞ արդյոք պատճառաբանություն, որ վկան չի հիշում իր նախաքննական ցուցմունքները: Կամո Մելքոնյանը պատասխանեց՝ ոչ մի պատճառ չկա:

 «Եթե դրանք ինձ հետաքրքրող հարցեր չէին, ես ինչի՞ պիտի դրանք մինչև հիմա հիշեի: Ինձ այդ գործարքից հետաքրքիր էր իմ փողը, որը պիտի աշխատեի, երբ վառելիքը բերեի»,- ասաց վկան:

Դատարանն արձանագրեց՝ վկայի նախաքննական ցուցմունքների հետ կապված էական հակասություններ կան: Դատախազի միջնորդությունը բավարարվեց: Սկսեցին ընթերցել վկա Կամո Մելքոնյանի նախաքննական ցուցմունքները, որոնց վերաբերյալ վկան դիրքորոշում էր հայտնում:

Այնուամենայնիվ, դա ևս չբավարարեց դատախազ Մարտիրոսյանին, ով, դիմելով վկային, ասաց՝ ոչ մի տրամաբանական պատասխան չեք տալիս:

Վկայի հարցաքննությանը Կամո Մելքոնյանի պաշտպանի հաճախակի միջամտությունը հարուցեց դատավոր Միսակյանի վրդովմունքը, ով նկատեց՝ ինքը պարտավոր չէ անդադար պարզաբանումներ տալ հարցերի վերաբերյալ: Դատախազն էլ միջնորդեց պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառել դատարանի ու դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Դատավոր Միսակյանը հրաժարվեց քննարկել սույն միջնորդությունը՝ նկատելով, որ դատարանն այս պահին կսահմանափակվի սոսկ պարզաբանումներով:

Վկայի ուղիղ երկու ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց: Դատարանն ավարտված համարեց բոլոր վկաների հարցաքննությունը: Հաջորդ նիստին կհարցաքննվեն ամբաստանյալները:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին՝ 14:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս