Նվեր՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տոնին. Հունիսի 1-ին փակվում է միանգամից երկու լրատվամիջոց

Մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի կայքը գրեց, որ ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով որոշում է կայացվել 2023 թվականի հունիսի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։

«Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով և ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը»,- երկու պետական լրատվամիջոցների փակման «ավետիսն» էր հայտնել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը։

«Խմբագրության աշխատակազմը մարտի 29-ին ստացել է գրավոր ծանուցում այն մասին, որ «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն ՓԲԸ-ում կառուցվածքային փոփոխությունների պատճառով լուծվում են մեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: Կան հղումներ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի մի քանի հոդվածներին: Անձամբ նայել եմ բոլոր հոդվածները, գործատուն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագրերը»,- 168.am– հետ զրույցում ասաց «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի լրագրող Գոհար Սարգսյանը:

Նրա խոսքով՝ իրենց ստորագրած ծանուցման մեջ նշված է. «Հիմք ընդունելով «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչների 15.03.2023 արձանագրությունը, կատարել կառուցվածքային փոփոխություն»:

 «Անձամբ ես, որպես միայն 26 տարի «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում աշխատած լրագրող և անկախ Հայաստանում խորհրդարանական լրագրության հիմնադիրներից մեկը, կուզենայի իմանալ վերոհիշյալ արձանագրության բովանդակությունը. ինչո՞վ է հիմնավորված թերթի փակումը: Ես չգիտեմ նաև, թե ներկա պահին ովքեր են «Արմենպրես»-ի լիազոր ներկայացուցիչները, լսել եմ` կառավարության աշխատակազմի ղեկավարը և էլի  ինչ-որ ՊՈԱԿ: Հաստատ չգիտեմ, արդեն հետաքրքիր էլ չէ»,- ասաց Գոհար Սարգսյանը:

Վերջինս հիշեցրեց՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթը հիմնադրվել է 1990թ. հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ որպես խորհրդարանի օրաթերթ: Հետագայում եղել են նոր բաժնետեր-հիմնադիրներ` ՀՀ նախագահականի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերից:

«Ոչ մի իշխանության կողմից թելադրանք չի եղել թերթի վրա, թեև 100%-ով ֆինանսավորվել է պետության կողմից: Անցած 33 տարիների ընթացքում ունեցել ենք հրաշալի խմբագիրներ՝ Բորիս Նավասարդյան, Արմեն Խանբաբյան, Վարդան Ալոյան, Ելենա Կուրդիյան: Հոյակապ անձնավորություն է նաև ներկայիս խմբագիր Արա Պետրոսյանը, որի համար առաջին տեղում լրագրողի հեղինակային իրավունքն է»,- ասաց Գոհար Սարգսյանը:

Ըստ նրա՝ պետական մամուլի աշխատանքը խիստ յուրահատուկ է, բավականին նուրբ` երբեք չանտեսել հոռի երևույթները և ներկայացնել դրականը:

«Բայց դա կարծես հիմա էլ ոչ ոքի պետք չէ. ներկա պահին Հայաստանում բուռն զարգացում է ապրում կորպորատիվ մամուլը: Դա սկսվել է մոտ 10-15 տարի առաջ: Բոլոր քիչ թե շատ մեծ քաղաքական ուժերը, ազդեցիկ բիզնեսմենները ձգտում են ազդեցություն ունենալ մամուլի որևէ տեսակի վրա: Իսկ դա արվում է միայն ֆինանսավորման ձևով: Կամ էլ ստեղծում են սեփականը: Լավ է դա, թե վատ, ցույց կտա ժամանակը. Գործընթացները Հայաստանում զարգանում են շատ արագ, այնպես որ, ժամանակը մեզ համար կարճ է բոլոր առումներով»,- նշեց թերթի լրագրողը:

Գոհար Սարգսյանը նկատեց նաև՝ պետական տպագիր մամուլի փակմամբ դաշտում կմնան միայն հակադիր ուժերը` դեմ-դիմաց: Տպագիր մամուլի մեծ մասը չի վաճառվում (կամ տպագրվում է խիստ սակավ քանակով) կայքերն էլ բաց են ընթերցողների համար: Իսկ հանրության մեծ մասը, ցավոք, կերակրվում է նաև ֆեյսբուքյան աղբով:

«Ասեմ, որ մեր թերթը մեկ անգամ արդեն փակվել է 2000 թ. հունիս ամսին, ֆինանսավորման բացակայության պատճառով: Սակայն 3 ամիս անց այն կրկին բացվեց, բայց արդեն՝ որպես ոչ օրաթերթ: Որքան գիտեմ, թերթի վերաբացումն այն ժամանակ կապվեց Հայաստանում աշխատող օտարերկրյա դիվանագետների կարծիքի հետ: Հասկանալի պատճառներով նրանք բոլորը տիրապետում են ռուսերեն լեզվին և միանշանակ ակնարկել էին, որ կուզենային իրենց հասկանալի լեզվով ստանալ ինֆորմացիա՝ առանց կողմնակալ գունավորման»,- ասաց «Ռեսպուբլիկա Արմենիայի» երկարամյա աշխատակիցը:

Լրագրողը նշեց նաև՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերի հրատարակիչ «Արմենպրեսը» դարձել է 2017թ. դեկտեմբերից՝ նախկին իշխանությունների նախաձեռնությամբ, և իրենք չունենք նույնիսկ հաշվապահություն:

«Ի սկզբանե, այս թերթերը պետության կողմից չեն դիտարկվել՝ որպես շահույթ հետապնդող կազմակերպություններ, այլ՝ որպես պետության կայացման գործին նպաստող լրատվամիջոցներ: Հենց դրա համար էլ ֆինանսավորվել են պետական բյուջեից` կողմնակի, անցանկալի միջամտություններից խուսափելու համար: Եթե, մասնավորապես, մեր թերթի փակման որոշման համար հիմք է ծառայել ֆինանսավորման կրճատումը, ապա չեմ կարծում, որ 13 հոգու ծիծաղելի ցածր աշխատավարձը բեռ է բյուջեի վրա, այն պայմաններում, երբ նախկինում անկարգ մեր խոշոր հարկատուները սկսել են լուրջ վերաբերվել իրենց պարտականություններին»,- եզրափակեց Գոհար Սարգսյանը:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս անդրադարձել էր լրատվամիջոցների փակման հարցին:

«Ավանդույթ ունեցող լրատվամիջոցներ են, և իրենց նույնիսկ անուններն արդեն շատ բան են ասում… Պատճառաբանությունը, որ ես լսել եմ, իբրև թե թանկ է նստում պետության վրա, շատ ծիծաղելի է հնչում՝ հաշվի առնելով այն ծախսերը, որ այս իշխանությունները թույլ են տալիս իրենց կյանքում և բյուջեի հաշվին»,- «Առավոտի» հետ զրույցում մասնավորապես ասել էր ՀԺՄ նախագահը:

Թերևս մնում է միայն փաստել՝ Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան օրն իրեն նվեր է անում՝ փակելով միանգամից երկու լրատվամիջոց:

Տեսանյութեր

Լրահոս