Բաժիններ՝

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ

Կիև-Պեչորյան մայրավանքի մուտքի մոտ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու (ՈւՈւԵ) հոգևորականների ու հավատացյալների և նրանց ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Մի խումբ մարդիկ մոտեցել են մայրավանքի մուտքը փակած հավատացյալներին և սկսել են նրանց «օկուպանտներ» ու «Ռուսաստանի հանցակիցներ» անվանել: Նրանցից մեկի մոտ եղել է պաստառ «Ռուսաստա՛ն, հեռացի՛ր մայրավանքից» գրությամբ:

Հավատացյալները խլել են այդ պաստառը և սկսել են բարձրաձայն աղոթել: Այնուհետև ծեծկռտուք է սկսվել, որին միջամտել են մոտակայքում գտնվող ոստիկանները։ Ավելի ուշ ՈւՈւԵ-ի ընդդիմադիրները դարձյալ ծեծկռտուքի մեջ են մտել հոգևորականների և հավատացյալների հետ: Կողմերն իրար վրա ջուր են լցրել: Այսօր մայրավանքի առջև հավաքված հավատացյալները կրկին թույլ չեն տվել գույքագրման հանձնաժողովի անդամներին մտնել մայրավանքի տարածք՝ այնտեղ գտնվող շինություններն ուսումնասիրելու համար:

Նրանց խոսքով՝ իրենք հանձնաժողովին թույլ չեն տա ներս մտնել, մինչև դատարանի համապատասխան որոշում չլինի. դատական նիստը նշանակված է ապրիլի 26-ին։ Նախօրյակին նույնպես հավատացյալները հանձնաժողովի անդամներին թույլ չէին տվել մտնել Կիև-Պեչորյան մայրավանքի տարածք։

Այնուհետև Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտնել Էր, որ հանձնաժողովը դիմում է ներկայացրել ոստիկանություն վանքի տարածք մուտքը փակելու փաստի շուրջ։ Ուկրաինայի իշխանությունները Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն պարտավորեցրել են լքել Կիև-Պեչորյան մայրավանքի 980-ամյա վանական համալիրը։ Մարտի 29-ին լրացել Է եկեղեցու կողմից մայրավանքի վարձակալության ժամկետը։ Կառավարությունը հայտարարում է, որ ՈւՈւԵ-ն խախտել է վարձակալության պայմանագիրը. ստուգելուց հետո մայրավանքի տարածքում հայտնաբերվել են 36 նորակառույց շենքեր ու շինություններ։

ՈւՈւԵ-ն հերքում է դա և ասում, որ իշխանությունները չեն ներկայացրել խախտումները հաստատող փաստաթղթեր։ Կիևը նաև մեղադրում է ՈւՈւԵ-ին՝ Ուկրաինայում մեծությամբ երկրորդ ուղղափառ եկեղեցուն, Մոսկվայի հետ կապեր պահպանելու մեջ: ՈւՈւԵ-ն հավաստիացնում Է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ բոլոր կապերը խզել է 2022 թվականի մայիսին՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից շուրջ երեք ամիս անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս