Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց. նրա դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը չէր ներկայացել դատարան

Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր մեկնարկեց և կարճ ժամանակ անց ավարտվեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին պետք է հրապարակվեր գործով վկա Թոռնիկ Ալիյանի նախաքննական ցուցմունքը, սակայն վերջինս հերթական անգամ չէր ներկայացել դատական նիստին։
Դատավորը հայտարարեց ընդմիջում, ինչից հետո պարզ դարձավ, որ Թոռնիկ Ալիյանը մոռացել է, որ այսօր դատական նիստ կա նշանակված։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգադրեց հաջորդ նիստին բերման ենթարկել Թոռնիկ Ալիյանին։

Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննվել էր վկա Թոռնիկ Ալիյանը և հարցերի գերակշռող մասին պատասխանել էր՝ չի հիշում։
Հիշեցնենք, որ Չալաբյանը կասկածվում է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։

Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է եղել։ Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը, հարուցվել է քրեական գործ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս