
Ժաննա Անդրեասյանն այցելել է Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն:
Այցի ընթացքում նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Տնօրեն Վահան Բադալյանը նախարարին ծանոթացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի շենքային պայմաններին և ենթակառուցվածքներին: Կենտրոնի ցուցադրության սրահում նախարարը դիտել է մանուկների և պատանիների ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը՝ հիացմունքի ու գովեստի խոսքեր ուղղելով երեխաների ստեղծագործությունների վերաբերյալ: Այնուհետև շրջայց է կատարվել մշտական ցուցադրությունների սրահներում, որտեղ ներկայացված են կենտրոնի տարբեր տարիների սաների աշխատանքները:
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ Գեղագիտության ազգային կենտրոնն այն եզակի կառույցներից է՝ թանգարանային արժեքավոր հավաքածուներով և միջավայրով, որտեղ երեխաները շարունակում են կրթվել՝ ստանալով մշակութային ու գեղագիտական կրթություն:
«Գեղագիտության ազգային կենտրոնում են կրթվել և արվեստի ուղին ընտրել մեր շատ ու շատ նշանավոր արվեստագետներ: Այստեղ ներկայացված են մեր անվանի արվեստագետների մանկության և դեռահասության տարիների ստեղծագործությունները, որոնք գեղարվեստական դաստիարակության և արվեստի զարգացման ուղղությամբ կենտրոնի ներդրման վկայությունն են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի գնահատմամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնն արվեստի ոլորտում ուղենշային մի կառույց է, որի գործունեությունն ընդգրկում է նաև մարզերը: Իր գործունեությամբ կենտրոնը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և մարզերում ապրող երեխաներին ստանալու կրթական ծառայություններ՝ ուղղված նրանց կարողությունների և տաղանդի զարգացմանը.
«Կենտրոնն ուղենշային է նաև աշխատանքի մեթոդաբանության առումով և կարող է հանդես գալ մենթոր՝ ոլորտում գործող այլ կազմակերպությունների ու կառույցների համար: Այդ ռեսուրսը կենտրոնն ունի, և մենք պետք է խոսենք կենտրոնի զարգացմանն ուղղված քայլերի մասին: Մենք արտադպրոցական կրթության ոլորտի զարգացման քաղաքականություն ենք վարում՝ ոլորտում վարձատրության բարձրացման, բովանդակային չափորոշիչներ սահմանելու տեսանկյունից, և այստեղ պետք է ունենանք առանցքային, հանգուցային այն կետերը, որոնց վրա հենվելով՝ կկարողանանք որակական նոր նշաձող ունենալ»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ որպես բազային կառույց պետք է առավելագույնս օգտագործել կենտրոնի ներուժը:
Նշենք, որ շրջայցից հետո Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նախարարին և փոխնախարարին հանգամանորեն ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, նախատեսվող խոշոր ծրագրերը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կարևոր նախագծերի իրականացմանը: