ՀՀ դեսպանը հանդիպել է Թունիսի մշակույթի նախարարի և Ալ-Մանար համալսարանի նախագահի հետ
Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը՝ Երևան) մարտի 29-ին հանդիպել է Թունիսի մշակույթի նախարար տիկին Հայաթ Կատատ Ալ-Կարմազիի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ իրականացնել՝ հայկական կողմի ներկայացրած և ուսումնասիրման փուլում գտնվող Հայաստանի և Թունիսի միջև մշակութային ոլորտում համագործակցության մասին պայմանագրի նախագիծը վերջնականացնելու ուղղությամբ։ Երկուստեք կարևորվել է նաև փոխայցելությունների ակտիվացումը, որոնք կնպաստեն համագործակցության զարգացմանն ու առաջխաղացմանը։
Կարևորելով մշակութային ձեռնարկներին երկկողմ մասնակցության ապահովումը՝ նախարարը խոստացել է հետայսու Հայաստանին հրավիրել Թունիսում անցկացվող մշակութային միջոցառումներին, փառատոններին, ցուցահանդեսներին՝ շեշտելով մշակութային շփումների առանձնահատուկ դերը ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու հարցում։ Միաժամանակ, նախարարը տեղեկացրել է, որ Թունիսում հայերին ճանաչում են որպես մշակութային ժողովուրդ, իսկ Հայաստանը՝ որպես պատմամշակութային հարուստ ժառանգությամբ հայտնի երկիր։
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար հավելել է, որ Հայաստանում համակրանքով են վերաբերում արաբական մշակույթին՝ օրինակ բերելով Մատենադարանում պահվող արաբալեզու ձեռագրերը, ինչը մեծապես հետաքրքրել է թունիսցի պաշտոնյային։
Նույն օրը դեսպան Փոլադյանը հանդիպել է Թունիսի Ալ-Մանար համալսարանի նախագահ, պրոֆեսոր Մոեզ Շաֆրայի հետ։
Հանդիպման ավարտին ստորագրվել է Ալ-Մանար համալսարանի և ԵՊՀ միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որով նախատեսվում են՝ դասախոսների և ուսանողների փոխանակման, համատեղ գիտական հետազոտությունների իրականացման, համաժողովների ու սեմինարների կազմակերպման և փորձի փոխանակման այլ ծրագրեր։