Լավ կլիներ, որ պատերազմ չլիներ, մարդիկ մնային Արցախում, բայց եթե այսպես է եղել, բնականաբար, պատրաստակամությամբ մեր հայրենակիցներին ընդունել ենք. Նոր Արտամետի ղեկավար

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր արցախցիներ տեղափոխվել էին Հայաստանի տարբեր բնակավայրեր, քանի որ պատերազմի հենց սկզբում Ադրբեջանը նպատակաուղղված կրակում էր հենց խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ ահաբեկելով բնակիչներին։

Պատերազմի ավարտից հետո, իրենց տները կորցրած և Հայաստան տեղափոխված արցախցիների  մի մասը շարունակեց ապրել Հայաստանում, իսկ գերակշիռ հատվածը վերադարձավ Արցախ՝ բնակություն հաստատելով հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, վարձով կամ բարեկամների տանը։ Հազարավոր արցախցիների տներն այս պահին գտնվում են Ադրբեջանի օկուպացրած տարածքներում։

Դեռևս 2020 թվականին Կոտայքի մարզի նոր Արտամետ գյուղում էր հաստատվել Արցախից տեղահանված Աղաբաբյանների 9 հոգանոց ընտանիքը և բնակվում էր վագոն-տնակում: Ու թեև համայնքապետարանը և բարերարներն ընտանիքին աջակցություն էին ցուցաբերել, պատերազմի ավարտից հետո նրանք վերադարձել են Արցախ։

168.am-ի հետ զրույցում Նոր Արտամետի վարչական ղեկավար Կարեն Սարգսյանի փոխանցմամբ՝ այսօր համայնքում Արցախից տեղահանված 3 ընտանիք է միայն մնացել, տեղահանված ընտանիքներին աջակցել են թե՛ համայնքապետարանը, թե՛ բարերարները։

Կարդացեք նաև

«Համայնքապետարանը փորձել է նրանց ամեն ինչով օգնել, առաջին հերթին տրամադրել ենք վառելափայտ, կար մի ընտանիք, որ տունը հոսանքով էր տաքացնում, հոսանքի գումարը վճարել ենք։ Այսպես ասեմ, այն բոլոր ծրագրերը, որոնք նրանց աջակցությանն են ուղղված, մենք իրականացնում ենք։

Ընտանիքներից մեկը Քարվաճառից է այստեղ եկել, ստացել են արդեն բնակարանի սերտիֆիկատը։ Նրանք զբաղմունք ունեն, այստեղ հանգստյան գոտի ունենք, այնտեղ են աշխատում։ Մեկ հոգի էլ ունենք, որ կրկին սերտիֆիկատով Սևանում բնակարան են գնել և պատրաստվում են տեղափոխվել։

Մեկ ընտանիք էլ ունենք, տղան է՝ կնոջ ու ծնողների հետ, առանձին են ապրում ու շինարարության ոլորտում են աշխատում»,- նշեց Կարեն Սարգսյանը։

Ըստ Կարեն Սարգսյանի, գյուղում չկան այնպիսի մարդիկ, որ չկարողանան իրենց օրվա հացը վաստակել։

«Մեզ մոտ հիմնականում մարդիկ այգեգործությամբ են զբաղվում, նույնիսկ այն մարդիկ, որոնք չունեն որևէ կապիտալ կամ աշխատանք, կարող են այգիներում աշխատել և վաստակել օրվա հացը։

Իհարկե, լավն այն կլիներ, որ պատերազմ չլիներ, մարդիկ մնային Արցախում ու իրենց ստեղծածը վայելեին, բայց եթե այսպես է եղել, ու եկել են մեզ մոտ, բնականաբար, մենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց ընդունել ենք։ Մեր խոշորացված համայնք շատերն են եկել, բոլորն էլ մեր հայրենակիցներն են ու բոլորն էլ արժանացել են մեր լավ վերաբերմունքին։

2020 թվականին եղել են տներ, որոնք մենք չենք օգտագործել, դրանք մենք ժամանակավորապես տրամադրել ենք արցախցի մեր հայրենակիցներին, սակայն այժմ բոլորն իրենց տներն ունեն ու տեղափոխվել են այնտեղ»,- եզրափակեց Կարեն Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս