«Պետրոսը, մեղմ ասած, ազնիվ չէ… Պնդում եմ, որ եղել են զանգեր ՔՊ իշխանական վերնախավից». Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ղազարյան Պետրոսն Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում է, որ «վարչապետն առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…»:
Իհարկե, գեղեցիկ խոսքեր են մի երկրի համար, որտեղ հակաիշխանական «լայքի», առավել ևս՝ գրառման համար մարդկանց գործից հանում են…
Բայց վերադառնանք մեր թեմային:
Պետրոսը, մեղմ ասած, ազնիվ չէ: Մանիպուլյացիաների մասին չեմ էլ խոսում. վաղուց նորություն չէ:
Վստահ եմ, կկարդա գրառումս և կվերհիշի՝ քանի՞ զանգ է եղել նրան միայն իմ մասով…
Օրինակ՝ 2019թ. փետրվար-մարտ ամսին, երբ իմ՝ եթեր մտնելուց 10 րոպե առաջ, «հրաշքով» չեղարկվեց այն: ԱԺ իշխանական պատգամավորին զրկեցին կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախապես ֆիքսած եթեր/հարցազրույցից, քանի որ մոտեցումը տարբերվում էր իշխանության որդեգրած գծից (հայկական պառլամենտարիզմ…):
Կամ, օրինակ, 2020թ. սեպտեմբերին, երբ, նայելով աչքերիս մեջ, խոստացավ և այդպես էլ չհրավիրեց եթեր (ԿԳՄՍ-ի և մանդատս վայր դնելու թեմայով):
Կարող է հիշել ավելի թարմ՝ 2022թ-ի դեկտեմբերին իմ մասնակցությամբ հանրայինով եթեր գնացած հաղորդման պատմությունը…
Պնդում եմ, որ բոլոր դեպքերում եղել են զանգեր ՔՊ իշխանական վերնախավից:
Իսկ եթե այդպես չէ, հանրայինում զանգով մարդկանց չեն հեռացնում գործից «սխալ հյուրերի» համար և գոյություն չունի persona non grata-ների ցուցակ, ապա ակնկալում եմ վաղուց խոստացված հրավերի ի կատար ածում: Հուսամ, դրա գինը չի լինի Պետրոսին գործից ազատելը»: