Տերը չի ների ձեզ. Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին` Զելենսկիին
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սպառնացել է «Աստծո դատաստանով»՝ Կիևա-Պեչերյան Լավրայից վանականներին վտարելու պատճառով։
«Պարոն նախագահ, ձեզ ու ձեր ոհմակին ասում եմ, որ մեր արցունքները գետնին չեն ընկնելու, ձեր գլխին են թափվելու։ Դուք կարծում եք, որ մեր թիկունքով իշխանության գալով կարո՞ղ եք դա անել։ Տերը չի ների ձեզ և ձեր ընտանիքին»,- ասել է Կիևա-Պեչերյան Լավրայի վանահայր, ուկրաինական ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Պավելւ (Լեբեդ)՝ իր մամուլի ծառայության YouTube ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Նա մեղադրել է Վլադիմիր Զելենսկուն այն բանի համար, որ իրենց 220 եղբայրներ «դուրս են նետվել փողոց»։
Ուկրաինայի նախագահը, մեկնաբանելով իրավիճակը Լավրայում, նշել է, որ պետությունը ևս մեկ քայլ է արել «հոգևոր անկախության ամրապնդման» և «մեր հասարակությանը պաշտպանելու հին և ցինիկ մոսկովյան կրոնի մանիպուլյացիաներից»։
Նա հայտարարել է, որ Ուկրաինան «ամենամեծ կրոնական ազատության» տարածքն է Եվրոպայի այս հատվածում: