Զգուշացում գյուղատնտեսներին. Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
Հանրապետությունում այս տարի 2018 թվականից հետո ամենատաք մարտ ամիսն է եղել: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել 4-5 աստիճանով: Տեղումների քանակը նշված ամսին նորմային մոտ են եղել:
«Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված մարտին Արարատյան դաշտում արձանագրվել է ծիրանենու՝ 18-20 օր շուտ ծաղկում: Այժմ մեր երկրին սկանդինավյան շրջաններից մոտենում են արտիկական ցուրտ օդային հոսանքներ: Դրան առաջինն արձագանքել են հանրապետության հյուսիսային մարզերը՝ Շիրակի, Լոռու, Տավուշի լեռնային գոտիները: Նախորդ օրերի համեմատ առկա է ջերմաստիճանի նվազում 10-12 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Այս պահին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային առանձին շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Մարտի 31-ին այդ ցիկլոնի ուժը կտրուկ մեծանում է: Ամենամեծ ուժգնությունը դիտվելու է մարտի 31-ի երեկոյան ժամերին, սպասվում են տեղումներ հանրապետության ամբողջ տարածքում: Լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, միայն հանրապետության ցածրադիր հատվածներում՝ թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին կիջնի 5-6 աստիճանով, ևս 6-8 աստիճանով նվազում կլինի մարտի 31-ին: Արդեն ապրիլի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով:
Արդյունքում ամենացածր օդի ջերմաստիճանը կգրանցվի նախալեռնային գոտիներում, որտեղ նույնպես առկա է պտղատու այգիների ծաղկում: Նշված հատվածներում օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև -4 : Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս ապրիլի 2-ի գիշերրը: Լուսադեմին օդի ջերմաստիճանը սպասվում է 0…-2-ի սահմաններում:
«Նման դեպքերում մեզ մոտ բերքը պաշտպանելու գործում ընդունված է ծխարահումը, սակայն նշեմ, որ այդ ժամանակահատվածում նախալեռնային գոտիներում սպասվում են նաև տեղումներ: Արարատյան դաշտում ճիշտ է տեղումներ չկա, սակայն ջերմաստիճանի անկումը մի քանի ժամ է տևելու: Այս պահին չեմ կարող գնահատել, թե օդի ջերմաստիճանի անկումը ինչ վնաս կհասցնի գյուղատնտեսությանը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Ապրիլի 2-ից սկսած այդ սառն օդային հոսանքները նահանջում են՝ իրենց տեղը զիջելով Մերձավոր Արևելքից ներթափանցող տաք օդային հոսաքներին: Օդի ջերմաստիճանը որքան իջել էր, նույնքան էլ կբարձրանա: Ապրիլի 4-ին ցերեկային ժամերին հանրապետությունում կարձանագրվի 20-22 աստիճան տաքություն: