Սյունիքի մարզն ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Հայաստանի Սյունիքի մարզն ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը խորացնում են համագործակցությունը բժշկության, տնտեսության․ զբոսաշրջության ոլորտներում։
Սյունիքի մարզն ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը կայացել է Տաթևի վանական համալրիրում։ Այն ստորագրել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքապետեր, շրջանի ու ֆրանսիական այլ կառույցների պատվիրակներ, Սյունիքի մարզային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, Սյունիքի համայնքների ղեկավարներ, ԱԺ սյունեցի պատգամավորներ, հոգևոր այրեր, այլ պաշտոնյաներ, Ֆրանսիայում ՀՀ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանները։
Համաձայնագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բարեկամության, արդարության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա։ Համագործակցության ոլորտի առաջնահերթություններն են՝ բուժօգնության հասանելիություն, տնտեսական զարգացում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մասնագիտական կրթություն՝ հիմնականում երիտասարդների համար, զբոսաշրջության խթանում, ֆրանկոֆոնիայի խթանում։ Համագործակցության նպատակներին համապատասխան նախագծերի պատշաճ մշակման համար կստեղծվի ղեկավար հանձնաժողով։ Կողմերը կստեղծեն գործողությունների ծրագիր, որը կդառնա ստորագրված համաձայնագրի մաս։
Միջոցառման մեկնարկին նախ օրհնանքի խոսք է ասել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը։
Այնուհետև ներկաներին դիմել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ փաստելով, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը բարձր է գնահատել գնահատեց ներկայացուցչական պատվիրակության այցը՝ Հայաստանի ու մասնավորապես Սյունիքի ու նրա ժողովրդի համար այս բարդ ժամանականաշրջանում։ «Ուրախալի է հյուրընկալել պատվիրակություն Ֆրանսիայի մի շրջանից, որի հետ Հայաստանն ու մեր տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն սերտ բարեկամական հարաբերություններ, որտեղ կա շատ լավ կազմակերպված հայ համայնք», – ասել է Ղուկասյանն ու ու շնորհակալություն հայտնել ֆրանսիական կողմի գործունեության ու հատուկ սրտացավ վերաբերմունքի համար, որը դրսևորվում է Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին հուզող հարցերում։
Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մասնավորապես ասել է․ «Ես աստիճանաբար ճանաչել ու սիրել եմ Հայաստանը ու գիտեմ, թե ինչ պատմական ու խորհրդանշական արժեք ունի այստեղ գտնվելը։ Իսկ ինչո՞ւ ենք մենք այսօր այստեղ․ Հայաստանի ամբողջականության համար պայքարը մեծապես հենց այստեղ է որոշվելու՝ Սյունիքում, նախևառաջ, որովհետև դուք միշտ կրել եք հայ դիմադրության ոգին, Սյունիքը երբեք չի ընկրկել։ Ես, որ գալիս եմ լեռնային երկրից, շատ զգայուն եմ այնպիսի անհատների հանդեպ, ինչպիսիք են Դավիթ Բեկն ու Գարեգին Նժդեհը։ Ուստի, որպեսզի Հայաստանը հաջողության հասնի, պետք է Սյունիքը զարգանա և ուժեղ լինի։ Դուք եք մեծ ճանապարհների այն խաչմերուկը, որը կարող է լինել նաև Հայաստանի պաշտպանությունը․ այսպիսով, մեր նպատակն է հզորացնել այս մարզը՝ համատեղ ծրագրերի ու համագործակցության միջոցով։ Այս պահից սկսած՝ Սյունիքի մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ճակատագրերը համատեղված են, դա նշանակում է՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա»։
Ֆրանսիայի 70 000 կմ քառակուսի տարածքով Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանն ունի 8 մլն բնակչություն և համարվում է երկրի տնտեսության առաջատարը․ կենտրոնը Լիոնն է։ Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ 44-օրյա պատերազմից ի վեր, դրդել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանին և նրա նախագահ Լորան Վոքիեին Հայաստանի հետ համագործակցությունը դնել շրջանի միջազգային քաղաքականության առանցքում։
Հիշեցնենք, որ դեռևս 2022թ․ հոկտեմբերին պարոն Վոքիեի նախաձեռնությամբ, իբրև ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի արձագանք՝ Ֆրանսիայում իր և Սյունիքի մարզպետի կողմից Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանների միջև գործընկերության հաստատման մտադրության մասին փաստաթուղթ ստորագրվեց։ Այն ժամանակ Օվերնյ-Ռոն-Ալպի շրջանային խորհուրդն ընդունեց «Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը Հայաստանի կողքին է» խորագրով գործողությունների ծրագիր, որի շրջանակներում հայտարարվեց Սյունիքի մարզին 300 000 եվրո գումար տրամադրելու մասին՝ հակամարտության հետևանքների հաղթահարման նպատակով։