Հակոբ Արշակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը:

Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը:Այս հարցի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում նա կարեւորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ եւ շուտափույթ իրականացման հրամայականը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, այլեւ նոր պահանջներ է հնչեցնում, վտանգում ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ադրբեջանի սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրանքներով, կան զոհեր:

Նույն օրը տեղի են ունեցել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը: Քննարկվել են վերոնշյալ հանձնաժողովների կողմից մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը:

ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովները որոշումներ են ընդունել «Տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման» ու «Երեխաների եւ երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործման կանխարգելման» վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հայտարարությունների նախագծերն ուղարկել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարաններ՝ կարծիք եւ առաջարկություններ ստանալու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս