
Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու Ե․ Չարենցի անվան թանգարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ե․Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Երկու ՊՈԱԿ-ների պատասխանատուները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Վահագն Սարգսյանը փաստեցին, որ հուշագրի վավերացումը բխում է երկու մշակութային կառույցների շահերից՝ ընդլայնելով կողմերի գործունեության շրջանակը արդեն պաշտոնական հիմքով։ Համաձայն հուշագրի՝ կողմերը իրականցնելու են գիտա-կրթական, մաշկութային-ժամանցային համատեղ ծրագրեր, ինչպես նաև հայկական կինոժառանգության բովանդակությամբ ստեղծագործական-կրթական նախագծեր։
Հուշագրի ստորագրումը մեծապես կխթանի հայկական կինոժառանգության պատմության ուսումնասիրման և հանրայնացման գործընթացները։ Հիշյալ փոխգործակցության արդյունքում նախատեսվում է պարբերաբար իրականացնել հետազոտական, ցուցահանդեսային և հրատարակչական նախագծեր։ Այս պահին ընթացքի մեջ է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգմանը նվիրված հետազոտական գրքույկի նախապատրաստական աշխատանքները, որով էլ մեկնարկելու է հայ դասական ֆիլմերին նվիրված նոր մատենաշարի հրատարակությունը։
Նշենք, որ Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) են պահպանվում հայկական կինոյի ամենամեծ ու հարուստ արխիվային ֆոնդերն ու հավաքածուները, որոնք անսպառ նյութ են շարունակական ուսումնասիրությունների ու բացահայտումների համար։