Թուրքիայի արդարադատության նախարարն անդրադարձել է ընտրություններին Էրդողանի մասնակցության օրինականության հարցին

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հերքել է այն պնդումները, թե գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում օրինական չէ:

«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը 2023 թվականի մայիսի 14-ի ընտրություններում նրա երկրորդ առաջադրումն է քվեարկության համար՝ համաձայն Սահմանադրության 101-րդ հոդվածի նոր խմբագրության։ Այս իրավունքի իրականացման համար սահմանադրական կամ իրավական խոչընդոտներ չկան»,- ասվում է գրավոր հայտարարության մեջ։

Նախարարը պարզաբանել է, որ 2017 թվականին Թուրքիայի սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո, երբ անցում կատարվեց խորհրդարանականից նախագահական համակարգին, և դրան հաջորդեց 2018 թվականի նախագահական ընտրությունները, Էրդողանը փաստացի սկսեց նոր հետհաշվարկ։ Սահմանադրությունը թույլ է տալիս ոչ ավելի, քան երկու անընդմեջ պաշտոնավարում:

«Ընդդիմադիր կուսակցություններն ապարդյուն փորձում են թաքնվել օրենքի հակասահմանադրական մեկնաբանությունների հետևում։ Փորձում են ապօրինի խոչընդոտել մեր նախագահի առաջադրմանը»,- ասել է նախարարը:

Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ պահանջելով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանել մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակից։

Ընդդիմադիրները նշում են, որ 2014 և 2018 թվականների նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք կունենա միայն այն դեպքում, եթե Թուրքիայի խորհրդարանը արտահերթ ընտրություններ նշանակի։

Թուրքիայի ընտրական գլխավոր հանձնաժողովը մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու 4 թեկնածուների անուններ է հրապարակել։ Նրանք են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ու ևս երկու թեկնածուներ՝ Մուհամեր Ինջեն և Սինան Օղանը։

Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին։

Տեսանյութեր

Լրահոս