Բաժիններ՝

Մադրիդն առաջին Leopard տանկերը Կիևին կհանձնի Սուրբ Զատկից հետո

Մադրիդն առաջին վեց Leopard տանկերը Ուկրաինային կհանձնի «անմիջապես Սուրբ Զատկից հետո», որը կաթոլիկները նշում են ապրիլի 9-ին: Ստույգ ամսաթիվ չի նշվում:

«Իսպանիան վեց Leopard A4 տանկերն Ուկրաինա կուղարկի Զատկից անմիջապես հետո»,- գրում է Pais թերթը՝ վկայակոչելով Իսպանիայի կառավարության աղբյուրների։ Մարտի 23-ին Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ ավելի վաղ խոստացված վեց Leopard մարտական տանկերն Ուկրաինա կուղարկվեն այս շաբաթվա վերջին։

Ըստ հրատարակության՝ վեց տանկերն արդեն վերանորոգվել են և այս շաբաթ հրաձգության վարժանքների են մասնակցում Իսպանիայի հարավում գտնվող զինափորձարանում։ Մարտական ​​ատեստավորում ստանալուց հետո դրանք ծովային ճանապարհով կփոխադրվեն Լեհաստան, որտեղ կհանձնվեն Կիևին։ Pais-ի տվյալներով՝ ևս չորս Leopard A4 տանկ պետք է հասցվի Սևիլիայի գործարան։ Աղբյուրների տվյալների համաձայն՝ մարտական ​​մեքենաների այս խմբաքանակի վիճակն ավելի վատ է, քան առաջին խմբաքանակի վիճակը, ուստի դրանց վերանորոգման համար ավելի երկար ժամանակ կպահանջվի, իսկ վերականգնման ծախսերն ավելի թանկ կարժենան (այժմ իշխանությունները մեկ տանկի վրա ծախսել են շուրջ 684 հազար եվրո):

Հունվարին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության սկզբից թագավորության կառավարությունն ավելի քան 300 միլիոն եվրո Է հատկացրել Կիևին ռազմական օգնության համար։ Դեկտեմբերին երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Լեհաստանի տարածքով ավելի քան 40 մատակարարում է իրականացվել Ուկրաինա, այդ թվում՝ մարտական տեխնիկա, բժշկական սարքավորումներ, տարբեր հզորությունների գեներատորներ, մարդատար ամենագնացներ, շտապօգնության մեքենաներ և հումանիտար օգնություն։

Բացի այդ, Իսպանիայի կառավարությունը նոյեմբերի սկզբին հայտարարել Էր, որ Ուկրաինային ուղարկել է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ վեց Hawk կայանք և Aspide զենիթային համակարգ։ Իսպանիան պլանավորում Է նաև վեց Leopard 2A4 տանկ փոխանցել Ուկրաինային: Այս տեղեկությունը հաստատել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ հայտարարելով, որ իր կառավարությունը ջանում Է այդ թիվը հասցնել 10-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս