Տեղյակ պահեք, թե ով է թերացել, անձամբ դրանով զբաղվեմ. Տիգրան Ավինյանը՝ Կամո Արեյանին
«Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված գրություն էինք գրել ոստիկանություն, և արագ արձագանք էր եղել, բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ էդ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել»,- քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշեց. «Այս ընթացքում լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանության ծառայությունը, բավականին թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքը այս ոլորտում: Շինթույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը: Սա պարտադիր պայման է եղել: Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին զգաստություն:
Վարչական շրջանների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ պետք է պարբերաբար հերթապահություն իրականացնեն: Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, վարչական շրջանների ղեկավարները բավականին թուլացրել են աշխատանքները, մարդիկ սկսել են առիթից օգտվել: Ինչ վերաբերում է Սիլիկյան թաղամասում աղբի տեղափոխման աշխատանքներին, ամեն ինչ կազմակերպված է, բոլոր պայմանները ստեղծված են:
Մեր բոլոր ահազանգերին պարեկային ծառայությունն արձագանքում է, գալիս են և աջակցում են: Մենք իրավունք ունենք՝ վարչական օրենսգրքով, այդ պատիժը սահմանել կառուցապատողների նկատմամբ: Շատ տխուր է, որ խախտողների մի մասը լայն ծավալի կառուցապատողներ են, որոնք չեն պահպանում շինթույլտվության պահանջները»:
Քաղաքապետի խորհրդականի պարզաբանումներին արձագանքեց Տիգրան Ավինյանը.
«Պարոն Արեյան, ես կխնդրեմ ձեզ՝ ԳԱՍԿ-ի, մեր վարչական շրջանների ղեկավարների հետ պատասխանատվությունը Ձեզ վրա դնելով և ինձ տեղեկացնելով, թե այս ընթացքում որ օղակում ով է թերացել, ես անձամբ դրանով զբաղվեմ: Մենք գիտենք խնդրի մասին, գիտենք, որ սա խախտում է, և ստացվում է, որ չենք կարողանում դեմն առնել, դա ուղղակի ամոթ է բոլորիս: Կարծում եմ՝ հարցը 2 շաբաթվա ընթացքում Երևանում պետք է ամբողջապես լուծվի: Վստահ եմ, մենք դրա ռեսուրսն ունենք»: