«Կյանք չունի իմ եղբայրը, 120 կիլոյից դարձել է 50 կիլո. գործով 1 հոգի է նստած, ուզում են վաղաժամ ազատեն». Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայր
«Եղբորս առողջական վիճակում առանձնապես փոփոխություն չկա, արդեն 3.5 տարի է՝ անգիտակից վիճակում գամված է անկողնուն»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց 2019 թվականին Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
«Բժիշկներն անզոր են որևէ բան անել, ուղղակի հետևում են եղբորս վիճակին, իրենք եղբորս տվել են Աստծու ձեռքը, Աստված ինչպես կամեցավ: Կարելի է ասել՝ դանդաղ մահ է եղբորս մոտ, ու բոլորը սպասում են, որ ամեն պահ նրա սիրտը կդադարի զարկել»,- ասաց փոխգնդապետի եղբայրը:
ՀՀ ԶՈՒ սպային դաժան ծեծի ենթարկելու համար 2022 թվականի հունվարի 10-ին Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը, 5 տարով ազատազրկվեց: Քրեական գործի տվյալներով՝ շոշափվում էր 3-4 հոգու անուն, այդ թվում՝ 2019 թվականին Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Տրդատ Սարգսյանի: Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու մասին ցուցմունք էին տվել ականատես վկաները։ Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Զավեն Գրիգորյանը, որը նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, դեռ 1 ամիս առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենց տեղեկություններով՝ գործով կալանավորված միակ անձի՝ Հարություն Գրիգորյանի պաշտպանական թիմը դիմել է դատարան՝ նրան վաղաժամ ազատ արձակելու համար, և, որ դատական նիստը նշանակվելու է այս ամիս: Այսօր հարցրեցինք՝ ի՞նչ տեղեկություն ունեն սպասվող դատական նիստից:
«Մենք ընդամենը տեղյակ ենք, որ իրենք դիմում են ներկայացրել, որ Հարություն Գրիգորյանին ազատ արձակեն, գործով 1 հոգի է նստած, ուզում են վաղաժամ ազատեն: Եթե նման բան անեն, մեզ կմնա միայն այն, որ այդ որոշումը բողոքարկենք, ուրիշ բան մեր ձեռքը չկա, հատկապես այս իշխանության օրոք: Իրենք հներին էին բան ասում, բայց հիմա իրենք ավելի բեթար են: Շուտով 4 տարին կլրանա, բայց դեպքն ամբողջությամբ բացահայտված չէ, և բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկված չեն, ինչ վերաբերում է այս կալանավորված անձին վաղաժամ ազատ արձակելուն, չի բացառվում, որ ազատվելուց հետո նորից նույն հանցանքը կատարի, կամ ինչպե՞ս ստացվեց, որ խմբակային ծեծը բարդեցին մի հոգու վրա, մենակ այդ Հարությունը 4 սպայի կարողացավ այդ օրը գցե՞լ, հնդկական սերիալի հերո՞ս էր ինքը, մենակով 4 սպայի այդ օրը գցեց:
Ես ուզում եմ, որ անկողմնակալ քննություն լինի, ու ծեծի մյուս մասնակիցներն էլ պատժվեն: Կյանք չունի իմ եղբայրը, 120 կիլո էր, դարձել է 50 կիլո: Ծնողներս 2 օր առաջ են մոտը՝ հիվանդանոց գնացել, կշռել են ախպորս, 50 կիլո է եղել…»:
Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը կորցրել էր գիտակցությունը և հայտնվել բուժհաստատությունում: Փոխգնդապետը, 3.5 տարի է՝ գիտակցության չի գալիս: Քրեական գործով որպես մեղադրյալ էին ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Միջադեպին ականատես սպաները ցուցմունք էին տվել, որ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Իսկ այսօր Տրդատ Սարգսյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է: