Բաժիններ՝

«Եղբայրս 3.5 տարի անգիտակից վիճակում պառկած է. գործով 1 հոգի նստած է, ուզում են վաղաժամ ազատեն». դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայր

Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է մնալ անգիտակից վիճակում: Փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ  եղբայրը, շուրջ 9 ամիս է, բուժումը շարունակում է բժշկական կենտրոնում.

«Եղբորդ տեղափոխել ենք Միքայելյան բժշկական կենտրոնի «Զինվորի տան» բաժանմունք, էլի անգիտակից վիճակում պառկած է: Բժիշկները առողջական վիճակում դրական դինամիկա լինելու վերաբերյալ ոչինչ չեն ասում, բայց նաև հույս չեն տալիս, ժամանակի վրա են թողնում, երբ ինչ եղավ՝ եղավ: Քանի որ բուժհաստատությունում է, մոտը խնամակալ չի մնում, չեն թույլատրում, բժիշկների հսկողության տակ է, ոնց որ հոսպիտալում»:

Փոխգնդապետի եղբայրը նաև խոսեց միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործից, ասաց՝ այս պահին ընդամենը 1 անձ է կալանավորված, բայց փորձում են այնպես անել, որ նա էլ ազատ արձակվի.

«Գործով այս պահին մի հոգի նստած է՝ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը: Տեղեկացանք, որ իրենք հայտ են ներկայացրել, որ նա վաղաժամ ազատվի:

Կարդացեք նաև

Միջադեպի ականատեսները մինչև այսօր  պնդում են, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում է եղել, էդ մարդիկ երբեք հետ չեն կանգնել իրենց ասածից, ինքը հաստատ այդտեղ է եղել: Տրդատ Սարգսյանը դատարանում երդում կերավ, որ դեպքի վայրում չի եղել, բայց ես չեմ հավատում իրեն: Դատի ժամանակ ինքը մոտեցավ ինձ, երդում կերավ, բայց ես ասացի՝ չեմ հավատում: Եղբայրս արդեն 3.5 տարի անգիտակից վիճակում պառկած է, իսկ նրան ծեծի ենթարկածները կյանքը վայելում են: Փաստացի ստացվեց, որ իրենք իշխանության են, ինչ ուզում՝ անում են, քանի որ անպատժելիություն է տիրում»:

Կարեն Մխիթարյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, հաջորդ դատական նիստը կնշանակվի մարտ ամսին, և ամեն ինչ կանեն, որպեսզի Հարություն Գրիգորյանին ևս ազատ արձակեն.

«Մեզ Սևանի քննչականից են զանգահարել, հնարավոր է՝ Սևանում լինի դատը»:

Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով  Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը կորցրել էր գիտակցությունը և հայտնվել բուժհաստատությունում: Փոխգնդապետը, 3.5 տարի է՝ գիտակցության չի գալիս: Քրեական գործով որպես մեղադրյալ էին ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Միջադեպին ականատես սպաները ցուցմունք էին տվել, որ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Իսկ այսօր Տրդատ Սարգսյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:

Տեսանյութեր

Լրահոս