«Միայն շարժերի իրականացումը չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ մի կողմից՝ կա արձանագրում, ընդ որում, նաև իշխանության կողմից, որ էսկալացիայի ռիսկը բավականին բարձր է, և դրան զուգահեռ՝ շատ են լուրերն այն մասին, որ առաջնագծում կան ակտիվացումներ, շարժեր և կուտակումներ։
«Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես Արցախի շփման գծի ուղղությամբ՝ ակնհայտ է։ Ընդ որում, Արցախում այդ հրադադարի ռեժիմի խախտումները քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով։ Այս փուլում սեզոնով պայմանավորված գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում, որի պայմաններում Ադրբեջանը վտանգելով արցախցիների, խաղաղ բնակիչների անվտանգությունը, նաև դրանով փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը՝ ըստ էության խնդիրներ ստեղծելով պարենային անվտանգության տեսանկյունից»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ նշեց Տիգրան Աբրահամյանը։
Խոսելով ՀՀ սահմանին տեղի ունեցած վերջին երկու օրերի միջադեպերից՝ նա հիշեցրեց, որ երեկ Երասխի ուղղությամբ թշնամու կրակոցի հետևանքով հայ զինծառայող է զոհվել։ Իսկ դրանից առաջ Սև լճի հարակից հատվածում զինվորներին հաց հասցնող զինծառայողը մոլորվել էր, և երբ այնտեղ էին հասել ռուս խաղաղապահները, ադրբեջանցիները նրանց ուղղությամբ էին կրակել։
«Իմ տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը տեղյակ էր եղել, որ ռուսական կողմը մոտենում է դեպքի վայրին, սակայն այդ հանգամանքը հաշվի չառնելով՝ կրակահերթ էր արձակվել ռուս զինծառայողների ուղղությամբ։ Ուզում եմ հստակ հասկանանք, որ տեղաշարժեր, կուտակումներ, այս հանգամանքը պետք է ավելի խորը ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգավորություն են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար, և երկրորդ՝ դրանք ինչ նպատակներ են հետապնդում։ Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում