«Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա՝ «Արևմտյան Ադրբեջան» անհեթեթ խոսույթով». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով օրերս օկուպացված Թալիշ գյուղից Բաքվի բռնապետի հայտարարությանը, ասաց, որ այդ ելույթից կարելի է 1 հիմնական ուղերձ դուրս բերել:
«Նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի՛ լինելու: Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է՝
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով 2 կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»:
Սա հայտարարություն է, որն ընդունվել է նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից: Նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, այստեղ ասվում է՝
«Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի»:
Այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրում է, որ Խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ:
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանի կողմից՝ նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների: Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային, դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին: Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին, միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա:
Սա ավելի է հիմնավորում Ադրբեջանի պետական մակարդակով վարվող, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է, իսկ ընդհանուր առմամբ պետք է ընդգծեմ, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր Կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և այս շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում