«Խաչատուրովին չեն ներում ադրբեջանցիների մռութը ջարդելու համար». Տիգրան Աբրահամյան

Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորաբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախապատրաստելով պատերազմի, այլ ոչ թե՝ խաղաղության։

«Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ասելով՝ փաստացի նկատի ունի իր առաջ դրված առավելապաշտական պահանջների կատարումը, որը ենթադրում է ոչ միայն Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն, այլև ուղիղ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։  Հայաստանի իշխանությունն ինքն է խոստովանում ու հրապարակային հայտարարում, որ սահմանագծին էսկալացիայի՝ մարտական գործողությունների հավանականությունը բարձր է»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի մեկնաբանությամբ, թվում է,  թե ՀՀ իշխանությունն իրավիճակն օբյեկտիվորեն գնահատում է, սակայն այն քայլերը, որոնք արվում են գետնի վրա, ցույց են տալիս, որ իշխանությունը կամ լավ չի պատկերացնում, թե երկրին ինչ ծանր հարված է սպասվում, կամ այդ ամենը լավ հասկանալով՝ նպատակաուղղված դաշտ է նախապատրաստում  նոր ծանր կորուստների համար։

«Ինչո՞ւ դաշտ նետվեց դավաճանների 5-րդ շարասյան մասին թեման, ո՞ւմ համար էր ձեռնտու պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության պայմաններում համատարած բոլորին դավաճան անվանել, նույնիսկ այն պարագայում, երբ թիրախավորված անձանց, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ կամ համապատասխան հոդվածներով քրեական գործեր չկան, կամ դրանք դատավճռի փուլին դեռևս չեն հասել։ Մենք իրականության մեջ դեպքեր ենք ունեցել, երբ իշխանությունը կոնկրետ զինվորականի վերաբերյալ պետական դավաճանության հիմքով պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ ավելի ուշ գործը կարճվել է, իսկ տվյալ զինվորականը վերականգնվել է  զինված ուժերում»,- հավելեց պատգամավորը։

Կարդացեք նաև

Միաժամանակ Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ ո՞ւմ է պետք, հատկապես այս ծանր ժամանակահատվածում, վարկաբեկել և որևէ մեկի ծանր հանցագործությունն ուղղակի կամ անուղղակի տարածել բանակի և զինվորականների վրա։ «Վերջին շրջանում իշխանությունների թիրախներից է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը ու իր էներգիան անմնացորդ հայրենիքին նվիրելու ձգտումը։ Այն քրեական գործը, որով անցնում է գեներալը, մեկ բառով կարելի է բնութագրել՝ փուչիկ»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս