Բաժիններ՝

Եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդի դիմում չներկայացնի, գործատուն իրավունք կստանա իր հայեցողությամբ ուղարկել

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթ, որով ի թիվս այլ փոփոխությունների, օրինակ, սահմանվում է, որ քաղաքացուն հնարավոր չէ աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հիմքը հանվում է Աշխատանքային օրենսգրքից: Այս պահի դրությամբ կենսաթոշակային տարիքի անձանց հետ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր հնարավոր չէ կնքել: Այդ սահմանափակումը նախագծով հանվում է:

«Հաստիքների կրճատման դեպքում նախապատվության իրավունք է տրվում որոշ խմբի անձանց համար: Այն անձանց, որոնք ռազմական գործողությունների ընթացքում կամ հաշմանդամություն են ձեռք բերել, կամ իրենց ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրել են, համապատասխան նախապատվության իրավունք է տրվելու՝ մնալու և աշխատանքը շարունակելու»,-ներկայացրեց փոխնախարարը:

Կարգավորումներ են իրականացվել նաև հանգստի ապահովման իրավունքի առումով: Սարգսյանը նկատեց՝ օրինակ, շատ դեպքերում աշխատողները դիմում չեն ներկայացնում և երկար ժամանակ արձակուրդի չեն գնում: «Նոր կարգավորումով, եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուին հնարավորություն է ընձեռնում իր հայեցողությամբ աշխատողին ուղարկել արձակուրդի: Ներկայում աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Հստակեցրել ենք, որ եթե գործատուն ու աշխատողը փոխադարձ համաձայնության են գալիս, ապա կարող է արձակուրդ ստանալ»,-ասաց Սարգսյանը:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը նկատեց՝ օրենսգրքի փոփոխությունը մի բան է, կիրառելիությունը՝ մեկ այլ: «Մենք, ցավոք սրտի, դեռ ունենք իրավիճակ, երբ մարդ վճարվում է 8-ժամյա աշխատանքային օրվա համար, բայց իրականում աշխատում է 9 ժամ»,-նշեց պատգամավորը՝ կարևորելով հետևողական լինելը, որ մշակված նախագծերը կիրառվեն:

Փոխնախարարն արձագանքեց, որ ուշադրությունն ու հետևողականությունը նաև պետք է լինի ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի կողմից: Աշխատանքային օրենսգիրքն օպտիմալ խաղի կանոններն է սահմանում: «Եթե մարդուն շատ ես աշխատեցնում, արտադրողականությունը ի վերջո սկսում է նվազել, և ռիսկերը գնալով մեծանում են: Եվ հետագայում նույն գործատուն տուժելու է նյութապես»,-նշեց Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս