ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի ասածները հակասության մեջ են՝ ծայրաստիճան իրարամերժ մեսիջներ էին. Հայկ Մամիջանյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ երեկ խորհրդարանում Ալեն Սիմոնյանի հնչեցրած որոշ մտքերի, որոնք կապված են Արցախի հետ։

Այդ համատեքստում Հայկ Մամիջանյանն ասաց, որ պետք է արձանագրել մեկ ամոթալի փաստ՝ Ալեն Սիմոնյանը Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված, «վերաինտեգրման բանակցությունների» վերաբերյալ բառացի պատասխանել է. «Դեռևս ճանապարհ կա անցնելու»։

«Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը բացարձակապես չի բացառում ադրբեջանական օրակարգի՝ այն է՝  այսպես կոչված, «վերաինտեգրման բանակցությունների» հավանականությունը։ Այդքանը բավական չէ, մի բան էլ ասում է՝ դեռ այդպիսի ճանապարհ կա անցնելու։ Կարծում եմ՝ դրա գնահատականները պետք է տա ժողովուրդը և առաջին հերթին այն մարդիկ, որոնք 2021 թվականին սխալմամբ ու մոլորությամբ ձայն են տվել  ՔՊ-ին։

Հաջորդը՝ Ալեն Սիմոնյանը հավանական համարեց ադրբեջանական կողմի այցելությունը Կաշենի հանքավայր, որը նույնպես ադրբեջանական պահանջ է։ Նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել, թե նա ինչպես էր արտահայտվում մեր դաշնակից երկրի ղեկավարի վերաբերյալ՝ կապված Հաագայի դատարանի որոշման հետ։ Ինձ համար առնվազն անընկալելի էր Ալեն Սիմոնյանի ակնարկները, եթե չասեմ՝ ուղիղ ճնշումը Արցախի ղեկավարների նկատմամբ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասով։

Կարդացեք նաև

Պարոն Սիմոնյանը լավ չի տիրապետում Արցախյան շարժմանը, ինչը շատ վատ է, այո, այն մեկնարկել էր՝ որպես էկոլոգիական շարժման շարունակություն, բայց Երևանում, Մայր Հայաստանում, որը հետագայում վերածվեց համազգային ղարաբաղյան շարժման»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ պետք է փաստել, որ ԱԺ նախագահի երեկվա ասածները և ՀՀ ԱԳ նախարարի Մոսկվայում Լավրովի հետ կայացած հանդիպման ընթացքում ասածներն ու չասածները տրամագծորեն հակասության մեջ են։ Հետևաբար՝ կա՛մ թող հասկանան, թե ինչ են խոսելու, քանի որ Հայաստանը փորձադաշտ չէ, կա՛մ էլ երկուսից մեկը դադարի խոսել արտաքին քաղաքականության մասին, որովհետև դրանք ծայրաստիճան իրարամերժ մեսիջներ էին։

Հայկ Մամիջանյանը նաև անդրադարձավ մարտի 20-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, ընդգծելով, որ իր համար անընկալելի է միջազգային բոլոր ձևաչափերում իշխող կուսակցությունների հնչեցրած մեսիջները և այն լռությունը, որը ցուցաբերեց Արարատ Միրզոյանը։ Ստացվում է, որ Արարատ Միրզոյանը կամ համաձայն էր հնչեցված կարծիքների հետ, կամ չի համարձակվել հակառակն ասել։

«Ցավով արձանագրեմ, որ ՀՀ ԱԳ նախարարի ներկայությամբ օգտագործվեց «30 տարվա օկուպացիա» եզրույթը, և դրան որևէ պատասխան չհնչեց»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց երկու կարևոր հայտարարության վրա, որոնք Մոսկվայում արեց ՌԴ ԱԳ նախարարը, և որի մասին իրենք բազմիցս խոսել են։ Նախ, որ հոկտեմբերի կեսերին կար հնարավորություն կանգնեցնելու 44-օրյա պատերազմը, որից Նիկոլ Փաշինյանը չի օգտվել։ Եվ այս ամենը Արարատ Միրզոյանը չհերքեց, այսինքն՝ սա կայացած փաստ է։

«Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառներով հոկտեմբերի կեսերին պատերազմը չի կանգնեցրել, երբ կար դրա հնարավորությունը։

Լավրովը նաև ասաց, որ ՀԱՊԿ փոխօգնության փաթեթը երկար քննարկվել է և պատրաստվել է Հայաստանի ԱԳ նախարարության մասնակցությամբ, եթե չասեմ՝ նախագահությամբ։ Վերջին պահին Նիկոլ Փաշինյանը դրանից հրաժարվել է»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս