
Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում

Կոնվերս Բանկում ամփոփել են Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպված կամավորական փորձառության ծրագրի արդյունքները: Մասնագիտական կողմնորոշմանը աջակցելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում Բանկի տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա են անցել և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ստացել մոտ մեկ տասնյակ դպրոցականներ:
Վկայագրերը նրանց է հանձնել Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նա նշել է. «Դուք դինամիկ եք, ճկուն, ունեք ավելի մեծ հնարավորություններ մրցունակ կրթություն ստանալու, զարգանալու և լավ, պահանջված մասնագետ դառնալու համար: Կրթությունը ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքն է, այլև այն վերլուծելու, կիրառելու ունակությունը: Կրթվեք, ձգտեք ավելիին, ձեր գաղափարներով ու աշխատանքով փոխեք աշխարհը»:
Դպրոցականները ներկայացրել են իրենց տպավորությունները Բանկի և ծրագրի արդյունքների մասին. նշել են, որ Բանկի մասնագետների աջակցությամբ արդեն գործարկել և վարում են սոցիալական էջ, սկսել են աշխատել ծրագրավորման որոշ լեզուներով, հաղորդակցման տեքստեր կազմել, ինչպես նաև հնարավորություն են ստացել մասնակցելու հաճախորդների սպասարկմանը:
Հանդիպումն ավարտվել է բանկային համակարգի զարգացման վերաբերյալ դպրոցականների կարծիքների փոխանակմամբ:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: