Անարդար մարդը տառապում է
Անարդար մարդը և ցանկացած մեկը նույնպես, որ ինչ-որ բանում մեղավոր է մեկի առջև ու ներողություն չի խնդրել, տանջվում է սեփական խղճի խայթից և այն մարդու վրդովմունքից, որին նեղացրել է: Քանի որ եթե այն մարդը, որի հետ անարդարացիորեն են վարվել, չների իրեն նեղացնողին ու սկսի գանգատվել նրանից, վերջինս մեծ տառապանք կզգա ու կտանջվի: Նա չի կարողանա քնել, իրեն այնպես կզգա, ասես փոթորկաբեր ալիքներն իրեն դես ու դեն են շպրտում: Ապշելու բան է, թե նա ինչպես է զգում այն մարդու վրդովմունքը, որին նեղացրել է: Երբ մի մարդ սիրում է մյուսին և բառիս դրական իմաստով մտածում է նրա մասին, վերջինս զգում է այդ սերը: Վիրավորող անձի պարագայում էլ նման մի բան է կատարվում: Օ՜հ, վիրավորվածի զայրույթը տակնուվրա է անում նրա հոգին: Նույնիսկ, եթե նա շատ հեռու է գտնվում, թեկուզ Ավստրալիայում, թեկուզ Յոհանեսբուրգում, եթե ինչ-որ մեկի հոգին վրդովված է նրա պատճառով, ապա նա խաղաղություն չի գտնում:
– Իսկ եթե նա անսիրտ ու անզգա մա՞րդ է:
– Կարծում ես՝ անզգա մարդիկ չե՞ն տառապում: Տառապում են, ուղղակի տարբեր զվարճություններով զբաղեցնում են իրենց, որպեսզի մոռանան: Հնարավոր է նաև, որ անարդարացիորեն վիրավորված մարդը ներել է վիրավորողին, բայց նրա սրտում դեռևս մի փոքր վրդովմունք է մնացել: Այդ ժամանակ ինքն էլ է որոշ չափով տառապում, բայց վիրավորողը շատ մեծ տառապանք է զգում նրա վրդովմունքից: Սակայն, եթե մեղավորը ներողություն խնդրի, իսկ վիրավորվածը չների նրան, ապա հենց վերջինս կսկսի տանջվել:
Ավելի ուժեղ այրող բոց չկա, քան հոգու ներքին այրոցն է, որ խղճի խայթից է ծագում: Այդպիսի մարդու խիղճը դեռևս այս կյանքում է տանջվում, ներքին որդն անդադար կրծում է այն: Բայց անկասկած մյուս, հավիտենական կյանքում՝ «ուր որդը չի մեռնում», ավելի ուժեղ կկրծի նրա խիղճը, եթե մարդն այս կյանքում չապաշխարի ու իր մերձավորներին չվերադարձնի նրանցից անարդարացիորեն խլածը, թեկուզև իր բարի կամեցողությամբ, եթե այլ կերպ արդեն անհնար է անել:
Մի փաստաբանի եմ հիշում, որը շատ անարդարություններ էր գործել մարդկանց հանդեպ: Ինչպե՜ս էր նա տանջվում կյանքի վերջում: Այն տարածքում, որտեղ նրա փաստաբանական գրասենյակն էր գտնվում, շատ անասնաբույծներ կային և այդ պատճառով հազվադեպ չէին մարգագետիններում ու ցանքատարածքներում կենդանիների ապօրինի կերպով արածեցնելու դեպքերը: Դրանցում մեղավոր հովիվներն այդ փաստաբանի օգնությանն էին դիմում և նա խորամանկորեն ամեն բան այնպես էլ շուռ տալիս, որ և՛ գյուղատնտեսին, և՛ դատավորին համոզում էր նրանց անմեղության մեջ, իսկ խեղճ հողագործները ոչ միայն արդարության չէին հասնում, այլև տհաճություններ էին բերում իրենց գլխին: Բոլորն էլ գիտեին նրա մասին, և ազնիվ մարդիկ նրան նույնիսկ մոտ չէին գնում: Եվ լսեք, թե այն կողմերում ապրող հոգևոր առումով զգոն մի հովվի ինչ խորհուրդ տվեց նրա հոգևոր հայրը:
Այդ հովիվը ոչխարների մի փոքր հոտ ուներ ու մի շուն: Մի օր այդ շունը ձագեր ունեցավ, և հովիվը բաժանեց բոլոր ձագերին: Հենց այդ օրերին էլ մի ոչխար կորեց՝ իր նորածին գառնուկին միայնակ թողնելով: Գառնուկը, մորը չգտնելով, վազում էր շան ետևից ու դրա կաթին սովորեց: Շունը թեթևություն էր զգում: Երկու կենդանիներն այնքան էին սովորել դրան, որ փնտրում էին միմյանց: Որքան էլ հովիվը փորձում էր բաժանել նրանց միմյանցից՝ չէր ստացվում: Հոգևոր առումով ուշադիր այս մարդը չգիտեր՝ կարելի է ուտել այդ գառան միսը, թե ոչ և որոշեց իր հոգևոր հորը հարցնել: Գիտենալով, որ հովիվն աղքատ է՝ հոգևորականը մտածեց ու ասաց. «Ո՛չ, որդյա՛կ, այդ գառնուկի միսը չի կարելի ուտել, քանի որ շան կաթով է սնվել: Բայց տես, թե ինչ կարող ես անել. այդ գառնուկին, որպես նվեր, մեր փաստաբանին տար, որովհետև մյուս հովիվներն էլ են նրան գառ ու պանիր նվիրում: Թող նա այդ միսն ուտի, քանի որ դրա օրհնությունն ունի, բոլոր մարդիկ գիտեն, թե որքան անարդար մարդ է նա»:
Ծերանալով ու անկողնուն գամվելով՝ անարդար փաստաբանը տարիներ շարունակ տանջվում էր մղձավանջներից ու չէր կարողանում քնել: Դրա հետ մեկտեղ նաև կաթվածահար եղավ ու չէր կարողանում խոսել: Հոգևորականը փորձում էր համոզել նրան, որ գոնե թղթի վրա գրի իր մեղքերը, սակայն դժբախտն այլևս չէր կառավարում իրեն: Հոգևորականը ստիպված էր բժշկության աղոթքներ կարդալ, որպեսզի նրա վիճակն ինչ-որ չափով թեթևանա ու կարողանա գոնե մի փոքր քնել: Այդպես էլ վախճանվեց փաստաբանն ու այժմ մնում է միայն Աստծուն աղոթել, որպեսզի նրա հոգուն իրական հանգիստ պարգևի:
– Հա՛յր, շատ մարդիկ վստահ են, որ իրենց վրա թուղթ ու գիր են արել: Այդ թուղթ ու գիրը կարո՞ղ է վնասել մարդուն:
– Եթե մարդը մեղքերի խոստովանության է գնում ու ապաշխարում է, ապա չի կարող: Որպեսզի թուղթ ու գիրը վնասի մարդուն, մարդն ինքը պետք է [սատանային] ինչ-որ իրավունք տա իր վրա իշխելու: Օրինակ՝ մարդն անարդարացի է վարվում մեկի նկատմամբ, խաբեությամբ գայթակղեցնում է որևէ աղջկա և նմանատիպ այլ բաներ է անում: Այս դեպքում նա պետք է զղջա իր արարքի համար ու ապաշխարի, ներողություն խնդրի այն մարդուց, որին վիրավորել է, խոստովանի իր մեղքը, շտկի իր սխալը: Հակառակ դեպքում, եթե նույնիսկ բոլոր հոգևորականներն էլ հավաքվեն՝ նրան խրատելու, մոգական կախարդանքը չի անցնի: Բայց եթե նույնիսկ նրա վրա ոչ մի կախարդանք էլ չեն արել, ապա նրա կողմից վիրավորված մի հոգու զայրույթն էլ բավական է տանջվելու համար:
Անարդարությունը երկու տեսակի է լինում՝ նյութական և բարոյական: Նյութական անարդարությունն այն է, երբ մարդ որևէ մեկի նկատմամբ նյութական առումով է անարդարացի վարվում: Բարոյական անարդարությունն այն է, երբ մեկն, օրինակ, մի աղջկա խելքահան է անում ու մոլորեցնելով՝ տիրանում նրան: Իսկ եթե խաբված աղջիկն ի լրումն նաև որբ է, ապա նրան խաբողն իր հոգին հինգ անգամ ավելի է ծանրացնում: Գիտե՞ս, թե պատերազմի ժամանակ փամփուշտը որքան արագ է գտնում այդպիսի անբարոյական մարդկանց: Պատերազմի ժամանակ Աստծու արդարությունն ու հոգածությունը մարդկանց նկատմամբ հատկապես ակնառու է երևում: Պատերազմն անարգանքը չի ներում, անբարոյական մարդուն արագ է գտնում փամփուշտը: Մի անգամ մեր երկու վաշտերը պետք է հանգստի գնացող գումարտակին փոխարինեին առաջնագծում: Փոխարինման պահին կոմունիստները հարձակվեցին մեզ վրա, մարտը թեժացավ: Իսկ հեռացող գումարտակից մի զինվոր, դրանից մեկ օր առաջ, մի նողկալի անարգանք էր գործել՝ մի խեղճ հղի կնոջ էր բռնաբարել: Եվ տես, որ այն մարտում միայն նա սպանվեց: Մի՞թե դա սարսափելի չէ: Հետո բոլորն ասում էին. «Տեղն էր այդ անասունին, արժանի էր»:
Դա տեղի է ունենում նաև նրանց հետ, ովքեր խորամանկում են, փորձում են ծլկել, փախչել և արդյունքում հենց նրանք են սպանվում: Ուժեղ հավատ ունեցողները, բնականաբար, քրիստոնեավայել են ապրում: Եվ ահա, թե ինչ է նկատվում. այդպիսի մարդիկ պահպանում են իրենց մարմինների պատիվը, և դա նրանց ավելի լավ է պաշտպանում թշնամու փամփուշտներից ու նռնակներից, քան եթե Տիրոջ խաչափայտի մի մասնիկ կրելիս լինեին:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը