«Լավ բան չենք կարող ասել, անորոշ վիճակ է, ամեն պահի կարող է ինչ-որ բան տեղի ունենալ». Վերին Շորժայի գյուղապետ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ահազանգեր է ստացել՝ Գեղարքունիքում, Տավուշում և Արցախի ամբողջ երկայնքով թշնամին զինտեխնիկա է կուտակել:

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ թշնամու կողմից զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ որևէ բան ասել չի կարող, քանի որ ինքն անձամբ նման բան չի նկատել.

«Ես չեմ կարող նման պատասխանատու հայտարարություն անել, դա միայն ռազվեդկան կարող է ճշտել»:

Թշնամին 4 օր առաջ կրակել էր Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, ուստի Արտյոմ Երանոսյանին հարցրեցինք, թե այս պահին իրավիճակն ինչպե՞ս է, արդյոք մարտի 13-ի կրակոցներից հետո թշնամին կրկին կրակե՞լ է գյուղի ուղղությամբ, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

«Կրակոցներ չեն եղել, վերջինը դա է եղել, բայց ոչ մի լավ բան չենք կարող ասել, անորոշ վիճակ է, ամեն պահի կարող է ինչ-որ բան տեղի ունենալ»:

Վերին Շորժայի վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք նաև, թե բնակիչների մոտ ի՞նչ տրամադրություններ են.

«Ժողովուրդը էս վերջին 2 տարին ոնց եղել է, այդպես էլ մնում է, ժողովուրդը նման դեպքում ո՞նց պետք է իրեն զգա, ամեն վայրկյան, ամեն րոպե ուշադիր է, զգույշ է, եթե դիմացդ թշնամի է կանգնած, պետք է զգույշ լինես, չէ՞, անկախ նրանից, ինչ-որ բան կլինի՞, թե՞ չէ, պետք է պատրաստված լինես»:

Տեսանյութեր

Լրահոս