Դիմելու եմ դատարան. խախտվել է բուհի կանոնադրությունը. Բրյուսովի պրոռեկտոր
Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նշանակմանը դեմ են և՛ որոշ ուսանողներ, և՛ դասախոսներ:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ որոշել է դիմել դատարան:
«Կանոնադրության մեջ գրված է, որ ռեկտորի պարտականությունները կատարում է ամենաերկար աշխատանքային ստաժ ունեցող պրոռեկտորը՝ մինչև նոր ռեկտորի մրցույթի անցկացումն ու հաստատումը: Այդ հիմքով եմ տալու դատարան. խախտվել է բուհի կանոնադրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Ցոլակ Ակոպյանը:
Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հոգաբարձուների նախկին խորհուրդը լուծարվելուց միայն երեք ամիս անց ձևավորվեց հոգաբարձուների նոր խորհուրդը:
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
Համալսարանականները, սակայն, համաձայն չեն այս հրամանի հետ: Նրանց կարծիքով, հոգաբարձուների նախկին խորհուրդն ապօրինի է լուծարվել, քանի որ խորհրդի նախագահի անունով չեն գրվել դիմումները: Հոգաբարձուների խորհրդում էլ չեն քննարկվել այդ դիմումները: Իսկ այս ամենը հակասում է «Հիմնադրամների մասին» օրենքին: