«Քաղաքացուց նամակ էի ստացել, առաջարկում էր Երևանում «Հուսահատության գազել»-ի և «NIVA»-ի հուշարձան դնել. չգիտեմ՝ ինչքանով արժի այդ բանն անել». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին հարցը:

Նախարարի խոսքով՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն դիմել է ներդրումային ծրագրով, որն ուղղված է լինելու մայրաքաղաքի բնակչության կանոնավոր ուղևորափոխադրումների ապահովման լավացմանը:

«Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ապահովել մայրաքաղաքի գործող երթուղիների ավտոպարկի թարմացման և նոր երթուղիների ձևավորման համար՝ բարձրացնելով մայրաքաղաքի բնակչությանը, հյուրերին և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը՝ հասանելի դարձնել մայրաքաղաքում վերջիններիս մի կետից մեկ այլ կետ տեղափոխվելու այլընտրանքային հնարավորությունը և կրճատել տեղափոխման ժամանակը:

Ծրագրի իրականացման արդյունքում ավտոպարկի թարմացումը կապահովի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև կկրճատի խցանումների առաջացումը՝ պայմանավորված մարդատար ավտոմեքենաների քանակով, նաև ավտոբուսների անսարքություններով:

Կարդացեք նաև

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկրել 150 «Ժոնգ տոնգ» բնապահպանական ստանդարտի ավտոբուս: Նշված ավտոբուսները համապատասխանում են այնպիսի պահանջների, որոնք կարող են ապահովել Երևանի կլիմայական պայմաններում արդյունավետ շահագործումը, իսկ «եվրո 5» շարժիչների առկայությունը կնպաստի մայրաքաղաքի էկոլոգիական միջավայրի բարելավմանը:

Նախատեսվում է ներկրել 6.6 միլիարդ դրամի ավտոբուսներ և դրանց պահեստամասեր և ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ մինչև 317.000 դրամ միջին ամսական աշխատավարձով»:

Կառավարության նիստին, ինչպես միշտ, Երևանի քաղաքապետի փոխարեն՝ ներկա էր քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որը մանրամասն ներկայացրեց, թե մինչև տվյալ պահը քանի ավտոբուս է ներկրվել, դրանցից քանիսը դեռ երթուղի դուրս չեն եկել և  ինչ պատճառներով: Նա վստահեցրեց, որ նոր ավտոբուսների երթուղի մտնելուն պես՝ տրանսպորտի խնդիրը կլուծվի:

Փաշինյանն էլ իր հերթին՝ հարց ուղղեց Ավինյանին.

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այս նոր խմբաքանակը երբ մտավ երթուղի, այլևս հուսահատության գազելներ չենք ունենալու»:

«Գազելներ ունենալու ենք, բայց ոչ հուսահատության»,- պատասխանեց Ավինյանը:

Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման վերջում ասաց, որ վերջին շրջանում զավեշտալի գաղափարներ են ի հայտ գալիս.

«Կիսվեմ ձեզ հետ, կարող է՝ շատ զվարճալի չի: Օրինակ՝ էս վերջերս մի քաղաքացուց նամակ էի ստացել, որն առաջարկում էր Երևանում 2 հուշարձան դնել՝ «Հուսահատության գազել»-ի և «NIVA»-ի: Ես չգիտեմ՝ ինչքանով է զվարճալի և ինչքանով արժի այդ բանն անել, բայց ամեն դեպքում այստեղ քաղաքակրթական ակնարկներ էլ կան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս