Ո՞նց ենք Արցախը Ադրբեջանի հետ միայնակ թողել, չէ՞ որ Արցախին փող ենք տվել. Փաշինյան
«Ի՞նչ եք կարծում, 120.000 բնակչություն ունեցող Արցախը կարո՞ղ է իրավահավասար պայմաններում Ադրբեջանի հետ երկխոսել այն դեպքում, երբ դուք էլ եք ասում, որ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում կատարել Արցախում. ցեղասպանը կարո՞ղ է երկխոսության գնալ ցեղասպանվողի հետ, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկխոսություն ասվածը, թե՞ դա ընդամենը քողածածկույթ է, որպեսզի Հայաստանն իրեն դիտորդի դերում դնի և չխառնվի այդ գործընթացներին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց Նիկոլ Փաշինյանին:
«Հենց Ձեր նշած հարցի պատճառով է, որ մենք կարևոր ենք համարում միջազգային մեխանիզմի գոյությունը, մենք դիրքորոշումներ ենք արձանագրում, նաև պայմանավորվածություններ, որոնք փորձում ենք իրականացնել:
Եթե այդ համեմատությամբ գնանք, նայեք Ադրբեջանի ռազմական բյուջեն և ընդհանրապես բյուջեն, Հայաստանի բյուջեն: Նայեք Ադրբեջանի բնակչությունը, Հայաստանի բնակչությունը, նայեք Ադրբեջանի արտաքին ռեզերվները, Հայաստանի արտաքին ռեզերվները, նայեք Ադրբեջանի դաշնակիցների հուսալիությունը, մեր դաշնակիցների հուսալիությունը: Դրա համար է, որ մենք ուզում ենք միջազգային մեխանիզմներ գործարկվեն։ Դրա համար է, որ մենք Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու ուղիներ ենք փնտրում:
Կներեք, ո՞վ է դիմել Արդարադատության միջազգային դատարան, որը Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդրի առումով կայացրել է շատ կարևոր որոշում: Եթե Հայաստանը մենակ թողներ Լեռնային Ղարաբաղին, չէր դիմի Արդարադատության միջազգային ատյան: Թեկուզ էս վիճակում, բայց մենք 2022 թվականին 176 միլիարդ դրամի բյուջետային աջակցություն ենք տրամադրել Լեռնային Ղարաբաղին, մենակ թողնելը ո՞րն է:
Խնդիրն ամենևին մենակ թողնել-չթողնելու մասին չէ, որովհետև մենք «Արցախը մենակ չթողնելու» և «Արցախի փոխարեն խոսելու» վերնագրի ներքո պրոբլեմ ենք ստեղծել և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում