«Գմփոցը ոնց որ մեր տան մեջ լիներ». Մանրամասներ՝ Հրազդանում պարեկների մասնակցությամբ ողբերգական դեպքից

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի տներից մեկում կեսգիշերին պարեկների մասնակցությամբ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել:

«Հես ա, դուռը կոտրել ա, մտել ա…»,- ցույց տալով տան կից շինության բաց դուռը՝ տանտիրուհին 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ սովորականի պես աշխատանքից հոգնած վերադարձել և քնել էր, սակայն ուշ ժամի աղջիկն արթնացրել և ասել է, որ բակում ձայներ են լսվում: Անմիջապես զանգահարել են ոստիկանություն:

«Մի քանի րոպեի ընթացքում պարեկներն եկան, հետևներից էլ՝ ոստիկանությունը: Էլ մենք՝ ես ու երեխեն, տնից դուրս չենք եկել, էդ կրակոցներն ենք լսել, մեկ էլ իմացանք, որ շտապօգնություն են կանչել, էդ մարդուն տարել են»:

Տիկին Արաքսյան ասում է՝ տանը կից շինությունը, որտեղ մտել էր տղամարդը, ժամանակին որպես թոնրատուն և խորդանոց է ծառայել, վերջնամասում էլ անասնագոմ է եղել, բայց մի քանի տարի է՝ այնտեղ միայն շինարարական գործիքներն են պահվում, հավանաբար տղամարդն իմացել և հենց դրանց հետևից էր եկել:

Կարդացեք նաև

Հարևանուհիներից տիկին Գոհարն էլ է գիշերն արթնացել, բայց ոչ թե կրակոցի ձայներից, այլ մինչ այդ իրենց փողոց ժամանած ոստիկանական մեծաթիվ մեքենաների լույսերից.

«Էս միլիցեքի լույսերից մեր տունը միանգամից լուսավորվեց, ասի՝ տեսնեմ՝ էս ինչի՞ց լուսավորվավ մեր տունը, հելա տենամ՝ էն ծերից միլիցու ավտոյա, մինչև այստեղ: Ասում եմ՝ ավարիա ա եղել, ինչ ա եղել, որ սենց լցվել են: Հետո էնքան եմ լուսամուտի տակը կանգնել, տեսա՝ շտապօգնությունը եկավ, գմփոց լսեցի, ոչ թե կրակոցի, այլ միշտ, որ սալյուտները գմփցնում են, բայց դրան նման չէր, ոնց որ մեր տան մեջ լիներ էդ գմփոցը»:

Ինչևէ, 45-ամյա տղամարդուն վնասազերծելու և ձերբակալելու փոխարեն՝ պարեկային ծառայողները դիմահար կրակոցով սպանել են նրան:

Միջադեպի վերաբերյալ Ոստիկանությունից հայտնում են, որ 45-ամյա տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին, և նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։

Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ պարեկային ծառայողներին կացնով սպառնացող 45-ամյա տղամարդը մահացել է իր ուղղությամբ ծառայողական զենքով արձակված կրակոցից: Նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս