«Ոչ մի տեղ չեմ հեռանում. կոռուպցիոն ռիսկեր կան և շարունակում են լինել». Ռուստամ Բադասյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, որ պատրաստվում է թողնել պաշտոնը։

«Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, երևի ձեր գործընկերներից պիտի հարցնեք, թե որտեղից այդ տեղեկատվությունը»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Լրագրողների փոխանցած տեղեկությանը, թե  նույնիսկ ՊԵԿ նոր նախագահի՝ Ռոմանոս Պետրոսյանի անունն է շրջանառվում,  Ռ. Բադասյանը հրաժարվեց  մեկնաբանել այդ տեղեկությունը, քանի որ ինքը որևէ տեղ չի պատրաստվում հեռանալ։

Անդրադառնալով «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում իրականացրած ստուգումներին, ՊԵԿ նախագահն ասաց, որ ինքն ասել է, որ միայն «Նոր Զովք»-ը չէ, որ կարող է սև հաշվապահական խնդիրներ ունենալ։ Միաժամանակ հիշեցնելով, որ քննությամբ դեռ հիմնավորման ենթակա կետեր կան, այսինքն՝ որպես եղելություն չներկայացնեն։

Կարդացեք նաև

Հարցին՝ տեղյա՞կ է իր տեղակալը, ով կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության փոխնախարար էր, հրավիրվե՞լ է հարցաքննության այն գործի շրջանակներում, որով ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետը, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ հարցաքննությունը տևական ժամանակ առաջ եղել է։

«Եվ ոչ միայն նա, խնդրում եմ, կոնտեքստից չկտրենք, գիտեմ, որ այդ գործով բազմաթիվ պաշտոնյաներ հարցաքննվել են, ինքն էլ դրա շրջանակներում վկայի կարգավիճակում հարցաքննվել է»,- հավելեց Ռուստամ Բադասյանը։

Հաջորդ հարցին՝ իր նախկին տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հրաժարականից հետո, ըստ շրջանառվող լուրերի, ԱՄՆ-ում տուն է գնել, այստեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ է, և Նիկոլ Փաշինյանի ասած  համակարգային կոռուպցիան կա՞, թե՞ չկա, ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Առաջինը հարց չէր, ավելի ճիշտ, նախապատմություն էիք թվարկում, որը ես որևէ կերպ չեմ թվարկում։ Կարծում եմ՝ տիկին Ներսիսյանն ինքն է անդրադարձել բոլոր հիմքերին ու պատճառներին, և այդտեղ ավելացնելու բան չունեմ։ Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում կոռուպցիային, ապա կոռուպցիոն ռիսկեր եղել են, այո, շարունակում են կոռուպցիոն ռիսկեր լինել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս