«Էս արտահայտությունը նախորդ շաբաթ նույն ձևով լսել եմ». Հրաչյա Սարգսյանը՝ շինբարեկարգման վարչությանը
«Երևանտրանս» ՓԲԸ տարածքում ավտոբուսների լվացման կայանի վերափոխման և տարածքի բարեփոխման աշխատանքների համար կազմված նախահաշիվները պատրաստ են, պայմանագրերը կնքման փուլում են: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեցին շինարարության և բարեկարգման վարչությունից:
Անդրադարձ եղավ հետիոտնային կանչովի լուսացույցերի փորձաքննության արդյունքներին:
Շինբարեկարգման վարչությունից հայտնեցին, որ ըստ փորձաքննության՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ առկա թերությունները դեռ լրամշակված չեն:
Խոսքն ուղղելով տրանսպորտի վարչության ժ/պ Հայկ Սարգսյանին, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Եթե չեմ սխալվում՝ այս արտահայտությունը նախորդ շաբաթ նույն ձևով լսել եմ»:
Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ մշակված տարբերակն անցած երեքշաբթի՝ մարտի 7-ին, ուղարկվել է փորձաքննողին:
Քաղաքապետը հորդորեց երկու վարչություններին՝ շփվել իրար հետ, որպեսզի հասկանան, թե ո՞ւր է հասել նախագիծը: