Բաժիններ՝

Ե՞րբ կլինի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի մրցույթը

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի է ունենում կառավարման խորհրդի կազմի փոփոխություն, և նոր կազմի հաստատումից հետո սահմանված կարգով կհայտարարվի ռեկտորի մրցույթ»,-  տեղեկությունը 168.am-ին փոխանցեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, տևական ժամանակ է՝ ռեկտոր չունի: Նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է: Նա նաև կենսաթոշակային տարիքի է:

«Տարիքի հետ կապված՝ ինձ հետ պայմանագիրը լուծարեցին, և հիմա ես ռեկտորի պարտականությունները կատարողն եմ: Ոչ մի խնդիր չկա, աշխատանքները նույնկերպ շարունակվել են: Բայց դե վաղ թե ուշ պետք է ռեկտոր լինի, ուստի որոշել են ընտրություն կազմակերպել: Ընտրությունների ժամկետի առումով դեռ որևէ տեղեկություն չկա»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել էր Արզումանյանը: Հարցին, թե արդյո՞ք իրեն արժանի փոխարինող տեսնում է ռեկտորի պաշտոնում, պատասխանել էր. «Ինձ արժանի փոխարինող չկա»:

Ինստիտուտը նաև խորհրդի նախագահ չունի, քանի որ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը հրաժարվել է այդ պաշտոնից:

Կարդացեք նաև

Հավելենք, որ ընտրություն է սպասվում նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ թե երբ այն կլինի՝ դեռևս հայտնի չէ: Տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2022թ. փետրվարի 28-ին:

Տեսանյութեր

Լրահոս