Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակը միջին ծանրության է
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը, ում նույն օրը վիրահատել էին, շարունակում է գտնվել «Հանրապետական բժշկական կենտրոն» –ի վերակենդանացման բաժանմունքում։
Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ կյանքին վտանգ չի սպառնում
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում, այնտեղից թիրախավորել եւ կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել էին ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել էր։
Մարտի 7-ի դրությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 9 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Մարտի 7-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 153 հիվանդ: