Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է․Կլաար
«Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով», – «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։
Դիվանագետի պատկերացմամբ՝ «այդ թափանցիկությունը» ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է: Որոշ քայլեր, իր տեղեկություններով, «անցյալում քննարկվել են», նշել է նա:
«Օրինակ՝ անցակետում ունենալ լրացուցիչ տեխնիկա, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը տարածքում», – ասել է Կլաարը՝ նաև հավելելով, որ միևնույն ժամանակ՝ «Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որպեսզի իրենք անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում ունենան»:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման կազմակերպումը:
«Կարծում ենք, որ նրանց {Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների} համար իսկապես կարևոր է պարբերաբար հանդիպելը և աշխատելը կարևոր հարցերի էության վրա։ Ինչն էլ մենք տեսնում ենք Բրյուսելում։ Այնպես որ, այդ առումով {Եվրամիության խորհրդի} նախագահ Միշելըն իսկապես ցանկանում է, որ առաջնորդները նորից ժամանեն Բրյուսել», – նշել է Բաքվում գտնվող եվրոպացի դիվանագետը՝ հավելելով, որ տարածաշրջան իր այցի նպատակը «այդ հանդիպումների հետ է կապված»:
«Այժմ մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ամենամոտ ապագայում կրկին կհանդիպեն Բրյուսելում», – ասել է Տոյվո Կլաարը՝ չհստակեցնելով, սակայն, թե արդյոք կողմերը տվել են հանդիպմանը մասնակցելու իրենց համաձայնությունը: