«Փաշինյանն իր ծրագիրը դեռևս չի ավարտել, երբ ավարտի՝ «տերերը» նրան կհեռացնեն». Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ փաստ է, որ ազգային ընդդիմությունը դեռևս չի հաջողել իր նպատակներում։ Բայց այդ անհաջողությունից հետո կանգնել ու ասել՝ պետք է հուսահատվել, ճիշտ չէ, հուսահատությունը մեղք է։
«Մարդը, որ խեղդվում է, պայքարում է, չէ՞, պայքարողը շանս ունի, չպայքարողը շանս չունի, ես պայքարի կողմնակից եմ։ Որպես պատմաբան՝ ասեմ՝ հայ ժողովուրդն ավելի բարդագույն շրջաններից է կազմավորվել ու հզորացել։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից 3 տարի անց հայ ժողովուրդը Սարդարապատ, Բաշ Ապարան ու Ղարաքիլիսայի ճակատամարտեր է տվել։ Նույն ժողովուրդը չի՞ եղել, Նժդեհն ասում էր՝ նայած ով է ժողովրդի ու բանակի գլխին, եթե առյուծ է՝ այդ բանակը կարող է հրաշագործություններ կատարել, եթե նապաստակ է, ապա հրաշագործների խումբը կարող է վերածվել հոտի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ Է. Շարմազանովի՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի ու Հայաստանի վերաբերյալ իր ծրագիրը դեռևս չի ավարտել, երբ ավարտի, այն ժամանակ «տերերը» նրան կճանապարհեն։
«Չի կարելի ազգային նպատակներից ու գաղափարներից, Արցախի հայկականությունից շեղվել։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Թուրքիան եկել է տարածաշրջան՝ մեզ ցեղասպանելու։ Ի՞նչ է փոխվել Թուրքիայի քաղաքականության մեջ, նրա ղեկավարությունը, պահանջները նույնն է, դրան զուգահեռ՝ Ադրբեջանի հետ «Շուշիի հռչակագիր» է կնքել։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ Արցախում կա մարդ, ով Հանրայինի եթերում հայտարարում է, որ դեմ չէ, նույնիսկ կողմ է, որ Կաշենի հանքավայրում ի՞նչ տարբերություն՝ ով փող կդնի՝ ռուսը, ամերիկացին, թե ադրբեջանցին։ Հայը գնա թուրքի դեմը նոքարություն անի՞, այդ նույն մարդը 90-ականներին ինչո՞ւ էր կռվում»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ նման հայտարարություն արել էր Սամվել Բաբայանը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե Ադրբեջանի չի պահում ՀՀ «կարմիր գծերը», ինչպե՞ս կարելի է նրա հետ քննարկել ինտեգրացիոն հարցեր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում