Այաթոլա Խամենեին կոչ է արել խստագույն պատժի ենթարկել երկրի դպրոցներում թունավորումների պատասխանատուներին
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին Իրանի իշխանություններին կոչ է արել գտնել երկրի տարբեր դպրոցներում իրականացված թունավորումների պատասխանատուներին և նրանց խստագույն պատժի ենթարկել: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունից:
Խամենեին նշել է, որ իշխանությունները, հետախուզությունը և իրավապահները պետք է լրջորեն վերաբերվեն այս գործին: Նա թունավորումներն անվանել է «հանցագործություն հասարակության ամենաանմեղ անդամների, մասնավորապես՝ երեխաների դեմ»:
Խամենեին շեշտել է, որ հանցագործության մեղավորներին ներում չի լինի, և նրանք կպատժվեն խստագույն ձևով, որպեսզի օրինակ ծառայեն մյուսների համար:
Ավելի վաղ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ թունավորումների գործով հետաքննություն է սկսվել:
Ըստ իրանական տարբեր լրատվամիջոցների և պաշտոնյաների՝ նոյեմբերից ի վեր երկրի տարբեր դպրոցներում ավելի քան 1000 աշակերտուհի է թունավորվել: Մի շարք քաղաքական գործիչներ թունավորումների համար մեղադրում են կրոնական խմբերին, որոնք դեմ են աղջիկների կրթությանը: Որոշ աղբյուրներ հաղորդում են նաև, որ թիրախավորվել է առնվազն մեկ դպրոց, որտեղ ուսանում են տղաները: