Եթե չեն հիշում` կարմրուկի դեմ պատվաստված են, թե չէ` խորհուրդ է տրվում մեկ դոզա ստանալ.Գևորգ Սիմոնյան
«Այս պահի դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, որոնցից 15-ը երևանաբնակ է, 5-ն էլ Երևանի պոլիկլինիկաներում է հայտնաբերվել»: Տեղեկությունը մարտի 6-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, ըստ այդմ, հաստատված բոլոր դեպքերում քաղաքացիները պատվաստված չեն եղել։
«Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերի համար սահմանել ենք հերթապահություն՝ 10։00-17։00-ի սահմաններում: Կանխարգելման միակ և արդյունավետ միջոցը պատվաստումներն են: Բայց մինչև պատվաստումային գործընթացը լայն թափ հավաքի՝ խորհուրդ է տրվում քաղաքացիներին, ովքեր չեն պատվաստվել կամ պատվաստման երկրորդ դոզան են ստացել, կրեն դիմակներ: Պատվաստումն իրականացնում են մինչև 4 տարեկանը՝ երկու դոզա, բայց մարդիկ կան՝ ժամանակին չեն արել, ուշ չէ պատվաստվել: Սա այն պատվաստանյութերից է, որ հետպատվաստումային բարդություններ չի ունենում: Այսօր ժամը 17:00-ից Երևանի քաղաքապետարանի բուժկետում պատվաստումային գործընթաց ենք իրականացնելու: Բոլոր աշխատակիցները, ովքեր պատվաստված չեն, անգամ, եթե չեն հիշում՝ պատվաստվա՞ծ են, թե՞ չէ, խորհուրդ է տրվում մեկ դոզա պատվաստում ստանալ»,- ասաց Սիմոնյանը: