«Միակ ճշմարիտ ուղին ռազմիկի ուղին է»
2018թ. աղետը՝ Նիկոլի իշխանազավթումը, խորքային պատճառներ ուներ, ինչը պայմանավորված էր ոչ միայն վերջին 30 տարիներին կատարված սխալների հետ, այլև Հայ ժողովրդի պատմության, հատկապես վերջին հազարամյակում տեղի ունեցած իրադարձությունների և ձևավորված մտածելակերպի հետ։ Մենք ամեն անգամ պետություն ենք կորցնում, երբ իշխանության են գալիս, մարդիկ, որոնք իրենց «քաղաքական» մտածելակերպը ձևավորել են մանր վաշխառությամբ զբաղվելով՝ համոզված, որ առք ու վաճառքով հնարավոր է հաջողության հասնել նաև միջազգային հարաբերություններում և պետություն կառուցելու գործում, արդյունքում մենք կանգնում ենք հերթական աղետի առաջ։
Հոդվածների շարքը, որ տպագրվելու է «168Ժամ»-ում, նպատակ ունի բացահայտելու այն պատճառները, որոնք հանգեցրին այս աղետին, և ինչ անել իրավիճակը փրկելու ու խորքային հայկական պետություն կառուցելու համար։
«Երբ մեզ չեն թողնում ընտրության հնարավորություն, միակ ճշմարիտ ուղին ռազմիկի ուղին է». այս բառերը իր ռազմաճակատային օրագրում գրել էր իմ եղբայրը՝ Կարեն Բախշիի Մանվելյանը։ Կարենը Ժողինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ միացավ Հայրենիքի ազատագրության սրբազան գործին, նրա և նրա նման հազարավոր տղաների համար անհնար էր նստել տանը և հաճախել լսարան, երբ Հայաստանի մի հատվածում պատերազմ էր ընթանում։
Կարենը զոհվեց 1992թ․ նոյեմբերի 5-ին Լաչին-Կուբաթլի կոչվող հատվածում ընթացող մարտերի ժամանակ։ Այդ հատվածը, ինչպես նաև ազատագրված Արցախի մեծ մասը գործող քաղաքական ռեժիմը հանձնել է մեր դարավոր թշնամուն, որի հետ Հայրենիքի կործանման կեղծ օրակարգ է սահմանել՝ այն անվանելով խաղաղության, իրականում խոսքը գնում է հայության վերջնական ոչնչացման մասին, որը փաթեթավորվում է իբրև թե խաղաղ ապրելու ցանկությամբ։
Այստեղ բնական հարց է առաջանում, իսկ արդյո՞ք հնարավոր է հավերժ խաղաղության մեջ ապրել հարևանների հետ։ Պատմությունը այս հարցի պատասխանը հստակ կերպով տվել է՝ հավերժ խաղաղությունը կեղծ գաղափար է, սակայն սա նաև չի նշանակում, որ հնարավոր չէ կառուցել բարիդրացիական հարաբերություններ հարևանների հետ, երկարաժամկետ ռազմավարության մշակմամբ։
Սակայն, ինչպես հասնել դրան, քանի որ թվում է, թե երկարատև զարգացման ու բարգավաճման համար առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղություն։ Նկատենք, որ համաշխարհային պատմությունը հակառակն է հուշում. արագ կերպով զարգացել են այն պետությունները, որոնք իրենց գերակայության համար ստիպված են եղել անընդհատ պատերազմել, իսկ պատերազմների ընդհատումը և խաղաղության շրջանները հանգեցրել են այդ պետությունների զարգացման դանդաղմանը և լճացմանը՝ թե տնտեսական, և թե քաղաքական առումով։
Համաշխարհային պատմությունը հուշում է նաև, որ մարդկությունը զարգացել է՝ ստեղծելով երկու տիպի սոցիումներ՝ ռազմիկների և ծառաների։ Ու պարադոքսն այստեղ այն է, որ երկարատև խաղաղություն ու առավել ևս զարգացում ապահովել են հենց ռազմիկների սոցիումները, որոնք առաջին հերթին կարողացել են իրենց հարևանների հետ ստեղծել ռազմաքաղաքական հավասարակշռություն, այսպիսով «ստիպելով իրենց հետ ապրել պարտադրված խաղաղության մեջ»։
Խաղաղություն, որը հիմնված է թշնամուն քո ռազմավարական շահերի ստորադասման տրամաբանության վրա, ինչը հատուկ է միայն ծառաների սոցիումին, դատապարտված է ձախողման և անընդհատ զիջումների, որը, որպես կանոն, ավարտվում է պետության կորստով։ Ու այստեղ պարադոքսն այն է, որ մեր պատմության մեջ եղել են նմանատիպ կորուստներ, երբ Բագրատունյաց թագավորության շրջանում իշխանության եկած անձինք ցանկանալով ամեն գնով պահպանել իրենց իշխանությունը՝ «հավերժ խաղաղություն» անվան տակ ստորադաս պայմանագրեր էին կնքում Բյուզանդիայի հետ, երկիրը կամաց-կամաց զիջելով ռազմատենչ ու ագահ հարևանին։
Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին իր թագավորությունը զիջում է բյուզանդացիներին Սեբաստիա քաղաքի դիմաց։ Նշեմ, որ Վասպուրականի թագավորությունն այսօրվա Հայաստանից շատ ավելի մեծ էր, սակայն թագավոր հռչակված անձը նախընտրեց ոչ թե մարտնչել, այլ հանձնվել ու իր համար հարմարավետ կյանքով ապրել հայրենիքից ու նախնիներից ժառանգած թագավորությունից հեռու։ Հովհաննես-Սմբատ Բագրատունին (Անիի հայկական թագավորություն, 10-րդ դար) իր թագավորությունը կտակում է բյուզանդացիներին, նորից, մարտնչելու փոխարեն, համակերպվելով ծառայի կարգավիճակի հետ։
Ու թեև ամեն անգամ հայոց մեջ գտնվում էին անձինք, որոնք չեն համակերպվում ծառայի կարգավիճակի հետ, սակայն այս պայքարը՝ ռազմիկների և ծառաների միջև, հավերժ է, ու ցավով պետք է նկատենք, որ ծառաների սոցիումը մեզ մոտ ավելի ուժեղ է, քանի ռազմիկներինը։ Մարդիկ «ռազմիկների ծանր զրահին նախընտրում են ստրուկի թեթև շղթաները», նախընտրում են սպանել Մխիթար Սպարապետին կամ Աղբյուր Սերոբին և նրա գլուխը հանձնել մեր ոխերիմ թշնամուն՝ հույսով, որ դա «հավերժ խաղաղություն» կբերի, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այս ծառայամտությունը միայն ավեր, մահ և ոչնչացում է բերում։
Ծառաներին ոչ ոք չի սիրում, առավել ևս՝ նրա տերերը, քանի որ առաջինը նրան են զոհաբերում՝ Գրիգոր Զոհրապին չփրկեց Թալեաթին ծառայելու ցանկությունը, իսկ Կևորկովը (ԼՂԻՄ-ի նախկին ղեկավար) ցմահ դատապարտվեց իր իսկ տերերի կողմից, ում անմնացորդ ծառայում էր։ Սակայն այս ծառայամտության վտանգն առաջին հերթին սպառնում է պետությանը և այն ազգին, որտեղ դրանք գերակա են։
«Ռազմիկին ուղին միակ ճշմարիտ ուղին է» գաղափարը, որի մասին իր օրագրում գրել էր իմ եղբայրը, արիստոտելյան փիլիսոփայության գերկարևոր գաղափարներից էր, որը հնարավորություն տվեց Մակեդոնացուն ստեղծել գերհզոր պետությունը, իսկ Հռոմին՝ հազարամյա կայսրություն։ Ռազմիկների սոցիումը ծառաներից տարբերվում է ոչ թե իր ռազմատենչությամբ, ինչպես կկարծի ընթերցողը, այլ առաջին հերթին՝ ռազմավարական խորությամբ մտածելու իր կարողությամբ, սեփական ուժերին վստահելու առանձնահատկությամբ, հայրենասիրությամբ դաստիարակելու ու դաստիարակվելու անհրաժեշտությամբ։
Նմանատիպ սոցիումները դաստիարակվում և աճեցվում են հարյուրամյակներով՝ սերնդեսերունդ, բայց հետո հենց նրանք են շատ կարճ ժամանակում «օգնում», օրինակ, մոնղոլներին՝ կառուցելու ամենամեծ պետությունը, բրիտանացիներին՝ ամենամեծ կայսրությունը, իսկ ռուսներին՝ ամենամեծատարածք տերությունը։ Ծառաների սոցիումները, որոնք ամենադաժանն են, իրենք ոչնչացնում են ցանկացածին, որն իրենց նման չի մտածում ու չի գործում, և նրանց համար ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան արտաքին։ 2018-ին ՀՀ-ում հաղթեց ծառաների սոցիումը, ինչը և սկիզբ դրեց 3-րդ հայկական պետության անկմանը։
(Շարունակելի)
Արմեն Մանվելյան
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ