«Մոտ ապագայում հայ-թուրքական սահմանը չի բացվելու. Թուրքիան նախապայմաններից չի հրաժարվել, մեր իշխանությունը հրաժարվել է». Ամատունի Վիրաբյան

Վերջին շրջանում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար աննախադեպ հնարավորություն է ստեղծվել՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ հնարավորւթյունների մասին է խոսքը։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես այդ կարծիքին է. փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ նա մեկնեց Անկարա, վերադառնալուց հետո նախ հայտարարեց, որ Անկարայում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, ընդգծելով, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար լավ հնարավորություններ են ստեղծվել։

Ի՞նչ հնարավորությունների է մասին է խոսքը, հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու համար արդյո՞ք Թուրքիան հրաժարվել է իր նախապայմաններից։

168.am հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը պատասխանելով այս հարցերին՝ ասաց, որ Թուրքիայի հետ պետք է հաստատել հարաբերություններ, գուցե ճակատագրի հեգնանք է կամ այլ բան, որ հենց Թուրքիան է Հայաստանի հարևանը, սակայն ՀՀ հասարակ քաղաքացուն այդ հարաբերությունների հաստատումն ի՞նչ է տալու, սրա մասին որևէ խոսք նույն իշխանությունը չի ասում։

Կարդացեք նաև

«Այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, ո՛չ իշխանությունը, ո՛չ փորձագիտական եզրակացություն ունեն, ո՛չ էլ հաշվարկ են կատարել, թե սահմանների բացման դեպքում Հայաստանն ի՞նչ է շահելու։ Միայն դեկլարատիվ հայտարարություններ են, որոնց տակ ոչինչ չկա։ Բնականաբար, ես կողմնակից եմ հարաբերությունների հաստատմանը, սակայն այդ հարաբերությունները հաստատելու համար նախ պետք է ունենանք եզրակացություն, թե դա մեզ ի՞նչ է տալու, սահմանի բացումն ի՞նչ դրական ու բացասական ազդակներ կունենա մեզ համար։

Ընդհանուր քաղաքական ենթատեքստում, միջազգային հարաբերությունների, մեր դաշնակիցների, Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով ի՞նչ կլինի։ Այս հարցերը պատասխաններ չունեն։

Հավատացեք՝ մոտ ապագայում հայ-թուրքական սահմանը չի բացվելու»,-  նշեց Ամատունի Վիրաբյանը։

Պատմաբանի խոսքով՝ Թուրքիան սպասում է Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։

«Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ այս տարի «Խաղաղության պայմանագիրը» կնքելու ենք, բայց չկնքվեց։ Այս տարի կկնքվի՞, թե՞ ոչ, որևէ մեկը չի կարող ասել։

Այնպես որ, Թուրքիան սպասում է այդ պայմանագրի կնքմանը, որովհետև մինչև այդ պայմանագիրը չկնքվի, Արցախի հարցը չի լուծվի։ Հակառակն էլ կարող է լինել՝ պայմանագիրը կնքվի, սակայն Արցախի հարցը չլուծվի, որովհետև Արցախը հայտարարում է, որ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանն ասում է՝ Արցախը պետք է լինի միայն իր կազմում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից նախապայմաններին, ապա Թուրքիան այդ նախապայմաններից չի հրաժարվել, իսկ մեր իշխանությունը հրաժարվել է։ ՀՀ իշխանությունն այլևս չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, չի խոսում նաև այլ բաների մասին»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս