«Դեպքի վայրն ուսումնասիրել ենք, պոլերը վառված չի, հողը մաղել, 7 հեռախոս, ժամացույցներ ենք գտել». զինվորական կացարանում զոհվածի հայր
2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր վաղ առավոտյան գնացել էին Պաշտպանության նախարարություն՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու պահանջով: Ծնողների բնորոշմամբ՝ իրենց պահանջը «այս փնթի Կառավարությունից է»:
«Մենք զինվոր ենք տվել հայրենիքը պաշտպանելու, հավի ճուտ չէին, մինչև այսօր ոչ սգո օր են հայտարարել: Ալեն Սիմոնյանը ճոռոք-ճոռոք խոսում է, Ալեն Սիմոնյանը գոնե մի անգամ գնացե՞լ տեսել է, թե էդ զինվորը ո՞նց է ապրում: Ամեն ինչ ծնողների միջոցով է արվել, ես լվացքի մեքենա եմ ուղարկել, էս մարդը ջուրն ա քաշել, էն մարդը ռեմոնտն ա արել, մենք ենք մեր երեխեքի պայմանները ստեղծել: Էսօր Ալեն Սիմոնյանն ասում է՝ ամեն պայման եղել է, թող այսօր գա մեզ ասի՝ ի՞նչ պայմաններ է ստեղծել»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:
Հաշվի առնելով զինվորական կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ բազմաթիվ, միմյանց հակասող պաշտոնական հայտարարությունները, զոհված զինծառայողի հայրը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ ԱԻՆ-ը դեպքի վայրում նկարահանում չի կատարել, եթե իրականացրել է, ապա ինչո՞ւ դրանք իրենց հասանելի չեն.
«ԱԻՆ-ը պարտավոր էր նկարահանել դեպքի վայրը, ոչ մեկն իրավունք չուներ դիերի անուն ձևակերպեր առանց նկարների: Ո՞ւմ հրամանով է եղել՝ Պաշտպանության նախարարի՞, վարչապետի՞, ո՞ր մեկն է պատասխանատու»:
Զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը, պատասխանելով զոհված զինվորի հոր բարձրացրած հարցին, ասաց, որ դա միանշանակ վարչապետի հրամանով է եղել:
«Քննությունն անձամբ վարչապետն է ուղղորդել և ուղարկել Պաշտպանության նախարարի հայտարարությունը»:
Զոհվածի հոր փոխանցմամբ՝ չվստահելով իշխանություններին, անձամբ են գնացել դեպքի վայր և ուսումնասիրություններ կատարել.
«Ծնողներով ամբողջ դեպքի վայրն ուսումնասիրել ենք, հողը մաղել ենք, 7 հեռախոս ենք գտել, ժամացույցներ, այլ իրեր ենք գտել, դրանք անգամ աշխատում են: Պոլերը վառված չի, ամբողջ մահճակալները ըստ քնացուցակի, ըստ հերթականության՝ տեղադրել ենք: Ասում են՝ պաժարը սկսվել է կորիդորից, այդտեղ փոքր մաս վառված է ու վառված է երեխեքի գլուխների մասը կոնկրետ, էդ պաժարը թռնելու հատկություն ունե՞ր, երեխեքի անցուդարձի տեղն անգամ պոլի ներկն էլ թափած չի»:
Զոհվածների ծնողներն ու հարազատները պնդում են, որ կատարվածը տեռոր էր.
«Սա եղել է տեռոր, սա կարող է՝ Ադրբեջանն է արել, կամ էլ իրենք են արել՝ նախարարի ու վարչապետի գլխավորությամբ: Մենք առողջ երեխեք ենք տվել իրենց, իսկ իրենք ի՞նչ տվեցին մեզ, մոխրացած դիեր, պահանջում եմ նախարարությունից, ոնց որ իմ երեխուն տարել է, այդպես էլ բերի տա, եթե չէ, ուրեմն իրենք պետք է մոխրանան: Կամ Պաշտպանության նախարարն ինչի՞ հրաժարական չի տալիս, ամոթի զգացում ունի՞, թե՞ չունի: Երեկ ես պետք է քեֆ անեի, երեխես գալու էր տուն, բայց իմ երեխեն չկա, ո՞վ պետք է տա պատասխանը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում 1 ամիս առաջ բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր վաղ առավոտյան գնացել էին պաշտպանության նախարարություն, պահանջում էին տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ ընթացքում է իրենց որդիների մահվան գործով քննությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում