Զարմացած չեմ Փաշինյանի պահվածքից. նա վաղուց սպասարկում է ադրբեջանական շահը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ եթե այսօր ժողովուրդն ունենա այն կամքն ու առաջնորդությունը, որն ուներ 35 տարի առաջ Արցախյան շարժման օրերին, ապա հնարավոր կլինի վերականգնել և՛ կորսվածը, և՛ վերջնականապես հասնել ազգային նպատակներին:
Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ՝ լրագրողների հարցադրումներին ի պատասխան, քաղաքագետն անդրադարձավ նաև Մյունխենյան հանդիպմանը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ նկատելով. «Մեծ հաշվով, զարմացած չեմ նրա այդ պահվածքից. ըստ էության, Փաշինյանը վաղուց սպասարկում է Ադրբեջանի շահը, և դա անում է շատ բացահայտ կերպով, ամբողջ աշխարհի և մեր ժողովրդի աչքի առջև: Ինքը որևէ բան չթաքցրեց. չհերքեց, որ կապիտուլյացիոն պայմանագիր են ստորագրել, չպահանջեց Արցախի որևէ իրավունք, էլ չեմ խոսում, որ բացահայտ կերպով Ալիևը ստում է բոլորին՝ ասելով, թե բլոկադա չկա, ճանապարհը բաց է, ինքն էլ կողքը նստած՝ «մեխի գլխի» պես՝ որևէ արձագանք, լկտի սուտը բացահատելուն ուղղված որևէ բան չի անում»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ամփոփելով՝ շեշտեց՝ Փաշինյանը չի պաշտպանում հայության շահը, Արցախի ու Հայաստանի շահը, և միայն պոպուլիզմով փորձում է պահպանել իր իշխանությունը, Արևմուտքի համար ունենալ ընկալելիություն:
«Կարծում եմ՝ ինքն այդտեղից շատ գոհ է վերադառնալու, որովհետև Մակրոնն իրեն ընկեր է կոչում, և վերջ: Սա է: Շահագրգռվածության տիրույթը խիստ անձնական է, շատ նեղ է, և որևէ կապ չունի հայկական օրակարգերի հետ»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում