Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է. Ֆրանսիայի նախկին վարչապետը կոչ է անում վերադարձնել հայ գերիներին
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացնելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Էդուար Ֆիլիպը նաև շեշտում է, որ Ադրբեջանում մինչև օրս պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք: Էդուար Ֆիլիպը, ով այցելել է Հայաստան, այս մասին շեշտեց՝ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:
-Պարոն Ֆիլիպ, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ի՞նչ օրակարգով եք Հայաստան ժամանել, ի՞նչ հանդիպումներ, այցեր են սպասվում:
-Ես Հայաստան եմ եկել բաց մտքով և բաց սրտով։ Ուզում եմ իմ աչքերով տեսնել իրավիճակը, լսել մարդկանց մտահոգություններն ու նախաձեռնությունները և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին։ Հասկանալի պատճառներով կգնամ Գորիս, հանդիպումներ կունենամ Երևանում՝ Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի և խորհրդարանականների հետ։ Ես նաև մտադիր եմ հանդիպել տեղական իշխանություններին, ուրախ եմ նաև հանդիպել կաթողիկոսին։
-Պարոն Ֆիլիպ, Դուք Հայաստան եք այցելում երկրի համար դժվարին ժամանակում, Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, Արցախի ժողովուրդը հումանիտար ճգնաժամի է բախվել, որպես միջազգային հանրության անդամ, Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի ներկայացուցիչ, ի՞նչ վերաբերմունք ունեք Ադրբեջանի այս քայլի վերաբերյալ:
-Արդեն 70 օրից ավել շարունակվող շրջափակումն անօրինական է և ոչ լեգիտիմ: Ադրբեջանն առանց պատճառի հումանիտար ճգնաժամ է ստեղծում, իսկ Ռուսաստանը ոչինչ չի անում խնդիրը լուծելու համար։
-Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը նաև 2021, 2022 թթ ընթացքում օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, շարունակում է պահել 2020-ի Արցախի պատերազմի ընթացքում գերեվարված հայերին: Ըստ ձեզ՝ միջազգային հանրություն ի՞նչ անելիք ունի, ի՞նչ քայլեր են պետք՝ ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի տարածքից, վերադարձնել հայ ռազմագերիներին, հնարավոր համարո՞ւմ եք սանկցիաների կիրառումը:
-Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Բավականին երկար ժամանակ Եվրամիությունը շատ հեռու էր: Ես հիմա հանգիստ եմ, որ Հայաստանում տեղակայվում է ԵՄ առաքելությունը, որը կարող է դրական դեր ունենալ խաղաղ բնակչությանը հանգստացնելու համար: Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք, իսկ անհետ կորած անձանց ճակատագիրը պետք է պարզվի: Անհրաժեշտ է նաև լիարժեքորեն պահպանել ու պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։
-Որպես Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ՝ Հայաստանի հետ ո՞ր ոլորտներում եք համագործակցությունը խորացնելու հեռանկարներ տեսնում:
-Ես կայցելեմ ու կհետևեմ համագործակցության մի քանի ծրագրերի, որոնք իրականացվում են առողջապահության ոլորտում, տեղահանված անձանց աջակցելու համար: Եվ ես նաև մտադիր եմ հանդիպել տեխնոլոգիական ոլորտի դերակատարներին, ովքեր մասնակցում են Հայաստանի ապագայի ձևավորմանը: Դեռ շատ անելիքներ կան՝ խթանելու ֆրանս-հայկական հարաբերություններն ու համագործակցությունը: