Արցախից մեկնաբանել են Սահմանադրության փոփոխության նախագծի նպատակի վերաբերյալ հարցը
Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացված Սահմանադրության փոփոխության նախագիծը դեռևս առաջարկությունների փուլում է և քաղաքական ուժերի միջև համատեղ քննարկում առայժմ տեղի չի ունեցել:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ նախագիծը կապված չէ նախագահի կողմից նախորդ՝ 2022 թվականի սեպտեմբերին խորհրդարան ուղարկված և նոյեմբերին հետ կանչված փաթեթի հետ: «Այս փոփոխությամբ նախատեսվում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնի թափուր մնալու դեպքում նրա ընտրության իրավասություն վերապահել Ազգային ժողովին: Քանի որ ռազմական դրության ժամանակ հնարավոր է չունենանք ընտրություններ անցկացնելու հնարավորություն, ուստի այս նախագծով առաջարկվող փոփոխության նպատակը գործող Սահմանադրության մեջ այդ բացը լրացնելն ու համապատասխան ռիսկերը կառավարելն է»,-մանրամասնեց Արթուր Հարությունյանը՝ շեշտելով, որ հոդվածի փոփոխության դրույթները գործելու են ռազմական դրության ժամանակ:
Նախագծի համաձայն՝ փոփոխության դրույթները կգործեն մինչև նախագահի լիազորությունների ավարտը՝ 2025 թվականը, և այդ պաշտոնի թափուր մնալու դեպքում նախագահ կընտրվի Ազգային ժողովի կողմից, իսկ այնուհետև՝ համապետական ընտրություններով: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Սահմանադրության փոփոխության այդ նախագիծն Ազգային ժողովում դեռևս մի քանի փուլերով պետք է անցնի:
«Այն դեռևս պետք է անցնի քաղաքական ուժերի քննարկումների, առաջին, երկրորդ ընթերցումների, ինչպես նաև Գերագույն դատարանի եզրակացության փուլերով, և դրանց արդյունքում է որոշվելու կմնա՞ և կշարունակվի՞ որպես նախագիծ, թե կարող է հետ ուղարկվել: Եթե այդ կոնսենսուսը չլինի, ապա կարող է և չընդունվել: Սահմանադրական փոփոխությունների մյուս փաթեթը, որի վրա տարեսկզբից աշխատում էինք, հանձնաժողովում արդեն քննարկման վերջին փուլում է և, ամենայն հավանականությամբ, օրերս ուղարկվելու է Ազգային ժողով»,-պարզաբանեց Հարությունյանը՝ հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների մեծ փաթեթի ընդունումը նախատեսվում է հանրաքվեով:
Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի խորհրդարանին է ներկայացրել Սահմանադրության փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է Արցախի նախագահի ընտրությունը վերապահել Ազգային ժողովին, եթե ռազմական դրության ժամանակ այդ պաշտոնը թափուր մնա: