«Այս օրերին այդ պատգամավորները զրկվում են անձեռնմխելիությունից, խայտառակվում են. դատվել են արդեն Իտալիայում»

Լույս է տեսել «Խավիարային դիվանագիտություն» հայտնի զեկույցի հայերեն թարգմանությունը։ Բաքվի կոռուպցիոն սկանդալի, եվրապաշտոնյաներին փողով, խավիարով ու թանկարժեք նվերներով գնելու, Եվրոպային լռեցնելու փաստերը ներկայացնող հայերեն  գրքի պանելային քննարկման ժամանակ թարգմանիչ- լրագրող  Սիրանույշ Մուրադյանն ասաց․

«Արցախի մեր հայրենակիցներն այսօր դժվարին իրավիճակում են։ Բերձորի միջանցքը փակ է արդեն 60 օրից ավելի, և դարձյալ Եվրոպան ոչ ադեկվատ արձագանքի դերի մեջ է։ Բնականաբար, Բաքուն շարունակում է իր այդ քաղաքականությունը, կոռուպցիոն, խայտառակ քաղաքականությունը։  Ուզում եմ ավելացնել, որ զեկույցի թարգմանությունը սկսել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում, և այդ տարի ես ուսանում էի, թարգմանության գործն էի սովորում Ամերիկյան համալսարանում։ Սկսեցինք զեկույցը թարգմանել, և որքան պատերազմը թեժանում էր, այնքան մեծ էր զեկույցն ավարտին հասցնելու ցանկությունը։ Զեկույցի առաջին մասը 2011-2012թթ․ է հրապարակվել, իսկ երկրորդ մասը՝ 2016թ․ վերջին։ Պատերազմի ավարտից հետո կիսատ մնաց զեկույցի թարգմանությունը, բայց մեր ծրագրի ղեկավար Շուշան Ավագյանի խրախուսմամբ ես ուժ գտա նորից վերսկսելու և  մինչև վերջ ավարտին հասցնելու, որպեսզի հայ ընթերցողը ևս կարդա, տեսնի, թե ինչ խայտառակ պատկեր է ստեղծել Բաքուն, և ի՞նչ է արժենում պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենք օգտագործելը, Եվրոպական կոնվենցիայով արգելված զենք կիրառելը, Արցախում ծննդատուն ռմբակոծելը։ Ի՞նչ է արժենում Եվրոպայի լռությունը՝ այս խայտառակ իրավիճակների դրսևորման դեպքում»։

Սիրանույշ Մուրադյանն ընդգծեց՝ այսօր էլ Բաքվի այդ կոռուպցիոն քաղաքականության տուժյալներ են Բունդեսթագի պատգամավորները։

«Այս օրերին այդ պատգամավորները զրկվում են անձեռնմխելիությունից, խայտառակվում են։ Դատվել են արդեն Իտալիայում»,- ասաց հեղինակը։

Կարդացեք նաև

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ ձեռնարկը կարևոր է ունենալ կրթական համակարգում։

«Կոռուպցիան ոչ միայն ադրբեջանական, այլև եվրոպական է։ Ձեռնարկը հնարավորություն կտա իմանալու, թե որ ինստիտուտի հետ աշխատելիս ինչ մեխանիզմներ օգտագործենք։ Պետք է նաև հասկանանք, թե ինչ պետք է անես, երբ կողքինդ օգտագործում է ֆինանսական մեխանիզմներ, խավիար կամ այլ շահագրգռվածություններ, իսկ դու խոսում ես ազնվության մասին, որ այդ րոպեին ոչ ոքի չի հետաքրքրում»,- նշեց Թևան Պողոսյանը։

Նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ ասաց․ «2012-2017թթ․ եղել եմ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, մեր պետության ամենաբարդ շրջանն էր, դիտվում էինք ՌԴ ընկեր, և Ռուսաստանը, գիտեք, ինչի միջով անցավ ու, երբ Ռուսաստանը չէր գալիս նիստերի, ամբողջ կուժն ու կուլան, որը կոտրվելու էր ՌԴ գլխին, չգիտես ինչու՝ կոտրվում էր մեր գլխին։ Իսկ հիմա Եվրոպայի խորհրդում մոռացության է մատնվել այն, ինչ 2017թ․ միս ու արյուն ստացավ։ Կանոնակարգով խստացվեցին պատգամավորների հայտարարագրերը, շահույթները, ունեցվածքը, նվերների չափերը, և պիտի որ Ադրբեջանը մի քիչ զսպված լիներ, բայց միջազգային մեծ պետությունների խաղի խաչմերուկում Ադրբեջանը կանգնեց Ուկրաինայի կողքին և ստացավ կանաչ լույս՝ շատերի աջակցությունը։ Դարձավ վառելիքի հետ կապված Եվրոպայի կարիքների ուղիղ գործընկեր»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ մենք արդարություն չենք կարող խնդրել, բայց կարող ենք աշխատանքով բացահայտել այն մեծ բլեֆները, որոնք կան գործարքների հետևում։

«Երբ նայում ես թվերին, տեսնում ես, որ Բաքուն չունի այդ գազային պաշարները, երբ խոստանում է Եվրամիությանը 100 տարի գազով ապահովել։ Գազ է գնում Ռուսաստանից, որ իր գազային խնդիրները լուծի»,- նշեց ադրբեջանագետը։

Տեսանյութեր

Լրահոս